Հայաստանի Կենտրոնական բանկը սեպտեմբերին եւ հոկտեմբերին բանկերի նկատմամբ պատասխանատվության միայն մեկական որոշում է կայացրել։ Հոկտեմբերին պատասխանատվության միջոց է կիրառվել «ԲՏԱ բանկի» նկատմամբ, իսկ սեպտեմբերին՝ «Պրոմեթեյ բանկի» նկատմամբ։ Սովորաբար պատասխանատվության միջոց կիրառելու դեպքերն ավելի շատ են լինում։ Օրինակ՝ միայն օգոստոսին պատասխանատվության ենթարկելու 6 որոշում է կայացվել։ Ամենաշատը 2010 թ. պատասխանատվության միջոց է կիրառվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի նկատմամբ՝ 6։
Ցավոք՝ այդ որոշումները ԿԲ-ը զետեղում է «գաղտնի» գրիֆի ներքո եւ հրապարակում է բավական ուշացումով։ Այդ պատճառով հնարավոր չէ պարզել, թե այս կամ այն բանկը կամ այլ ֆինանսական ինստիտուտ կոնկրետ ինչու՞ համար են պատժվում, թեեւ հանրության համար հույժ կարեւոր է պատկերացում կազմել ֆինանսական ինստիտուտների կարգապահության մասին։ Սա ԿԲ-ի կողմից ոչ հրապարակային գործունեության առաջին դրսեւորումը չէ։ Նկատենք, որ կարգապահական տույժերի մասին որոշումները նախկինում բաց էին եւ հրապարակային, սակայն մեկ տարի առաջ կարգը փոխվեց։ ՀՀ ԿԲ-ից մեզ խոստացել են մեկնաբանություն տալ սույն որոշման շարժառիթների մասին։
Նշենք, որ ապահովագրական ընկերությունները շատ ավելի հաճախակի են պատասխանատվության ենթարկվել, քան բանկերը։ Ընդհանուր առմամբ՝ 2010 թ. ապահովագրական ընկերությունների նկատմամբ ԿԲ նախագահի որոշմամբ կիրառվել է պատասխանատվության 64 որոշում, իսկ բանկերի նկատմամբ՝ 44։ Սա այն դեպքում, որ ապահովագրական շուկան բանկային համակարգին զիջում է մի քանի տասնյակ անգամ։ Ակնհայտ է, որ ապահովագրական ընկերությունները պակաս կարագապահ են, քան բանկերը, իսկ դա մեր մի քանի հարյուր հազար ապահովադիրներին, որոնք ստիպված են ավտոմաքենան ապահովագրել, մտահոգելու տեղիք պետք է տա։




























