Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր՝ սպանված Կիմ Չեն Նամի մտերիմ ընկերը պատմել է, որ վերջին մի քանի տարիներին նա պարանոյա ուներ եւ թաքնվում էր հյուսիսկորեական իշխանություններից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Էնթոնի Սահակիանը Guardian-ին տված հարցազրույցում պատմել է, որ գրեթե ամեն օր հանդիպել է Կիմ Չեն Նամի հետ, երբ նա Շվեյցարիա էր ժամանում:

«Մենք քննարկում էինք ռեժիմը, նրա խորթ եղբորը, խոսում այն մասին, թե ինչ է այնտեղ տեղի ունենում: Մեկ բան կարող եմ ասել. նա երբեք հետաքրքրված չի եղել իշխանությամբ»,- հայտարարել է Սահակիանը:

Նրա խոսքով՝ Կիմ Չեն Նամը հայրենիքի «պարզած ձեռքի հեռավորությամբ էր գտնվում»: «Նա շատ էր տխրում իր երկրում տիրող իրադրության պատճառով: Դա մեծացնում էր նրա վրա ճնշումը, քանի որ ոչինչ չէր կարող անել»,- ասել է Կիմ Չեն Նամի ընկերը:

Սահակիանը նաեւ պատմել է, որ իր ընկերը, միաժամանակ, շատ էր վախենում սեփական երկրից, քանի որ «կարեւոր քաղաքական ֆիգուր էր»:

«Նա վախենում էր: Դա վախ չէր, այլ պարանոյա»,- հայտարարել է Սահակիանը:

Կիմ Չեն Նամը սպանվել է փետրվարի 13-ին, Մալայզիայի օդանավակայանում, որտեղից պետք է մեկներ Մակաո՝ միանալու ընտանիքին: Հետաքննությունը ենթադրում է, որ հյուսիսկորեական առաջորդի եղբոր դեմ մահափորձ են կատարել երկու կանայք եւ փախուստի դիմել: Գործով ձերբակալվածներ կան: