«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Նրանք, ովքեր սպասում են ողորմության (իսկ այդպիսի մարդիկ Հայաստանում բացարձակ մեծամասնություն են կազմում), կքվեարկեն ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի («Ծառուկյան» դաշինքի) օգտին: Ողորմություն՝ լայն իմաստով, ոչ միայն ընտրակաշառքի եւ նյութական օգնությունների տեսքով: Ողորմությունը կարող է տարբեր տեսք ունենալ՝ ընդհուպ մինչեւ երկնքից թափվող ենթադրելի մանանան: Բայց կան քաղաքացիներ, որոնք կատարելու են գաղափարական ընտրություն: Կան մարդիկ, որոնք հավատում են կոմունիստական գաղափարներին՝ նրանք, իմ կարծիքով, մեկ տոկոսից պակաս են կազմում:

Ընդգծեմ՝ ոչ թե նրանք, ովքեր լավ հիշողություններ ունեն անցյալի մասին՝ բոլորս էլ այս կամ այն չափով ունենք, այլ նրանք, ովքեր կարծում են, որ այդ անցյալը կերտվել է կոմունիստական գաղափարները կյանքի կոչելով: Կան մարդիկ, ովքեր հավատում են դաշնակցական գաղափարներին՝ նրանց թիվն, իմ կարծիքով, հասնում է մոտ 10 տոկոսի:

Եվ, վերջապես, կան մարդիկ, որոնք ցանկանում են, որ Հայաստանը դառնա ժամանակակից, ժողովրդավարական, եվրոպական տիպի պետություն՝ ազատ շուկայական հարաբերություններով: Այդ մարդիկ, ինձ թվում է, տատանվելու են «Ելքի», «Կոնգրես-ՀԺԿ»-ի եւ «Ազատ դեմոկրատների» միջեւ: Տեսականորեն այստեղ պետք է լիներ նաեւ «Ժառանգությունը», սակայն նրանք, ովքեր պաշտոնապես կրում են այդ կուսակցության անունը, գնացին բոլորովին այլ ուղղությամբ, եւ մնում է միայն ափսոսալ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կորցրեց ազատական գաղափարներ դավանող իր թիմի զգալի մասը:

Նույն՝ ազատական շարքին կարող էր պատկանել նաեւ ՀՀՇ-ն, բայց դրա ղեկավարները գնացին, մեղմ ասած, չափազանց պրագմատիկ ճանապարհով: Պարտվել, ասենք, «Ազատ դեմոկրատների» հետ ամոթ չէ, բայց «հաղթել» «Ծառուկյան» դաշինքի կազմում, ինձ թվում է, նվաստացուցիչ է այդ կուսակցության համար:

Առայժմ ես տեսնում եմ այս չորս խմբերին՝ 1/ ողորմության սպասողներ, 2/ կոմունիստներ, 3/ դաշնակցականներ, 4/ ազատականներ, վերջիններս հազիվ 5 տոկոս լինեն: (Հավանաբար, կան պատճառներ, թե ինչու մարդիկ պետք է ձայն տան նաեւ այլ կուսակցություններին եւ դաշինքներին, բայց ես այս պահին այդ պատճառները չեմ կարող հասկանալ): Ու թեեւ ես ինձ դասում եմ չորրորդ խմբին, կամ՝ գուցե հենց այդ պատճառով, ես կցանկանայի, որ Հայաստանում հնարավորինս քիչ լինեն «ողորմության սպասողները», որպեսզի նրանք չկարողանան խորհրդարան գործուղել իրենց պատվիրակներին: Իսկ ընդհանրապես շատ կուզեի, որ Ազգային ժողովը լիներ հնարավորինս բազմազան՝ գաղափարների առումով, որ այնտեղ լինեն խելացի, ինքնուրույն մտածող, իրենց խոսքն ասող մարդիկ, որոնք կան առաջադրվող 9 քաղաքական միավորումներից յուրաքանչյուրում: Կարեւոր չէ՝ ես կիսո՞ւմ եմ նրանց տեսակետները, թե՞ ոչ, կարեւոր է, որ նրանք տեսակետներ ունենան:

Վերջերս մի տեղ կարդացի՝ պետք չէ մտածել գաղափարների մասին, երբ Հայաստանը տասնյակ հազարավոր մարդիկ են լքում: Իսկ գուցե մտածե՞նք այն գաղափարների մասին, որոնց իրագործումը կնպաստի, որ մարդիկ Հայաստանից չգնան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում