«Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» կազմակերպությունը Վրաստանի կառավարությունից խնդրում է Ջավախքում ազատ առեւտրի գոտի ստեղծել:

Այս առնչությամբ կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Ջավախքի հետ տնտեսական հարաբերությունների ձեւավորումն ու զարգացումը, անկասկած, համարվում է բավականին առաջատար ուղղություն: Տարածաշրջանի կառավարող մարմինները, ինչպես նաեւ տեղի բնակչությունը շահագրգռված են օտարերկրյա կապիտալի եւ ինվեստիցիոն նախագծերի ներդրմանը՝ տարածաշրջանի տնտեսության գրեթե բոլոր բնագավառներում: Այն օբյեկտիվ գործոնը, որը նպաստում է օտարերկրյա ներդրողների հետաքրքրվածության  բարձրացմանը՝ կապված տարածաշրջանում բիզնեսի զարգացման հետ, համարվում է.

- Մարզի կարեւոր աշխարհագրական դիրքը եւ մոտ գտնվելը երկաթուղային ճանապարհներին, որոնք իրար են միացնում հյուսիսն ու հարավը, արեւելքն ու արեւմուտքը:

-  Դեռեւս չօգտագործված բնական պաշարների, ինչպես նաեւ էժան աշխատուժի առկայությունը:

- Համեմատաբար զարգացած ենթակառուցվածքները եւ Հայաստանին, (Եվրասիական տնտեսական միության երկրներին), ինչպես նաեւ Բաթումիի եւ Փոթիի ծովային խոշոր նավահանգիստներին  մոտ գտնվելը:

 Ինչպես հայտնի է, ժամանակակից ամենաարդյունավետ ենթակառուցվածքների ներդրման գործիքներից մեկը ազգային տնտեսության մեջ համարվում է տնտեսական ազատ գոտիների ստեղծումը, որը ներկայումս բավականին առաջատար տեղ է զբաղեցնում համաշխարհային տնտեսության մեջ: Սրանից ելնելով՝ մենք դիմում ենք Վրաստանի իշխանություններին խնդրանքով.

Ջավախքը (Սամցխե-Ջավախք-Ծալկա) հայտարարել առեւտրի ազատ գոտի:

Սամցխե-Ջավախքում առեւտրի ազատ գոտու ստեղծումը կնպաստի ինտեգրացիոն  գործընթացների զարգացմանը եւ Վրաստանի ընդհանուր տնտեսության առաջընթացի խթանմանը»: