Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի հյուրեր Քերոլայն Պիրեսը` Nerdero ընկերության տնօրենը, եւ Սառա Մոսսեսը` Together Films ընկերության տնօրենը, փետրվարի 20-ից 24-ը դասընթացներ են անցկացրել հայ ուսանողների եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների համար: Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնին աջակցում է Երեւանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում:
Քերոլայն Պիրեսը, ով տարիներ շարունակ աշխատել է վիզուալ էֆեկտների կերտման բնագավառում որպես դերասան, իսկ այնուհետեւ ղեկավար, դասընթացներ է անցկացրել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողների համար փետրվարի 20-ից 24-ը: Նա Nerdero ընկերության տնօրենն է, որը ֆիլմարտադրողներին իրար կապակցող առցանց պլատֆորմ է:
Սառա Մոսսեսը, ով ֆիլմարտադրության մարքեթինգի մասնագետ է եւ աշխատում է հիմնականում անկախ ֆիլմարտադրողների եւ տնօրենների հետ, դասընթացներ է անցկացրել ուսանողների համար փետրվարի 20-ին եւ 21-ին Հայ-Ռուսական համալսարանում: Նա ուսանողներին սովորեցրել է մարդու իրավունքներին նվիրված ֆիլմերի առաջխաղացման եւ մարքեթինգային պլան կազմելու հմտությունները:
«Անչափ ուրախ ենք, որ փառատոնի շրջանակում տարեցտարի ընդլայնվում են դասընթացների շրջանակն ու բնույթը: Հուսով ենք, թվային տեխնոլոգիաները կաջակցեն հայ երիտասարդներին վիզուալ էֆեկտների կերտման եւ ֆիլմարտադրության ոլորտում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում յուրաքանչյուր տարի մենք ներկայացնում ենք ոչ միայն բրիտանական լավագույն կինոն, այլեւ հայ մասնագետների եւ ուսանողներին փոխանցում բրիտանացի մասնագետների փորձը: Այս տարի եւս փառատոնի կրթական բաղադրիչն առկա էր՝ հնարավորություն տալով հայ ուսանողներին ծանոթանալ կինոարտադրության վերջին միտումներին»,- ասաց Բրիտանական խորհրդի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:
Երեւանում ֆիլմերը ցուցադրվել են փետրվարի 18-ից 24-ը Մոսկվա կինոթատրոնում: Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։
Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայք։
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Արմնյուզ, Հ2, Հ3, Ար, Արարատ, Շողակաթ, Կենտրոն եւ Երկիր Մեդիա հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Ռադիո Հայը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երեւան FM 101.9-ը, AutoRadio FM 89.7-ը եւ web.tv-ն:




























