Հրազդանում ծնողների աչքի առջեւ 7-ամյա որդուն մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարելու մեջ մեղադրվող Գագիկ Խանփերյանի գործով դատաքննությունը դեռ չի սկսվել: Դեռեւս դեկտեմբերի սկզբին դատարան ուղարկված այս գործով նշանակված երեք նիստերն էլ հետաձգվել են: NEWS.am-ին Խանփերյանի պաշտպան Գարեգին Մարգարյանը հայտնեց, որ փետրվարի 27-ին նշանակված նիստն էլ հետաձգվել է, քանի որ ինքն անձնական խնդիրների պատճառով չէր կարող մասնակցել:
Նշենք, որ Գագիկ Խանփերյանը ցանկանում է, որ արագացված լինի դատաքննությունը:
Նշենք, որ 7-ամյա տղային ալկոհոլի ազդեցության տակ մահացու վրաերթի ենթարկած վարորդն ազատության մեջ էր, մեկ ամիս առաջ նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման եւ դատարանի դահլիճից տեղափոխվել կալանավայր: Մինչդեռ Գագիկ Խանփերյանն ի սկզբանե եղել է կալանքի տակ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Գագիկ Խանփերյանը 2016թ. սեպտեմբերի 5-ին ժամը 17:30-ի սահմաններում Հրազդանում հանդիպել է իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառած Վանիկ Սարգսյանին: Վրեժխնդրության շարժառիթով իր մոտ պահվող դանակով Խանփերյանը դիտավորությամբ հարվածներ է հասցրել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերքեր, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող երկու վերքեր, ինչի հետևանքով Սարգսյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս:
Գագիկ Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը:




























