«Օֆշորի» գործով տուժող Փայլակ Հայրապետյանը դատական նիստերին չի ներկայանում: Այսօր՝ մարտի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում Փայլակ Հայրապետյանի շահերի պաշտպան Լուսինե Աղլամազյանը նշեց, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի եւ նիստերին մասնակցելն ավելի է վատացնում նրա վիճակը:
«Պարոն Հայրապետյանն հիմա առողջական խնդիրներ ունի եւ դատարան գալով, տեսնելով իր գույքերի իրացումը նման արժեզրկված գներով, իրեն վատ է զգում, դրա համար ես էլ որպես պաշտպան, թույլ չեմ տալիս, որ նա ներկա գտնվի»,-ասաց նա:
Օֆշորի գործով դատաքննությունը հասել է վիճաբանության փուլին, այսօր Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Փայլակ Հայրապետյանի շահերի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի հետ կապված հաշվետվությունը դատահաշվապահական փորձաքննության ներկայացնելու մասին:
«Պաշտպանական կողմը առարկեց միջնորդությանը, ասելով, որ նախկինում էլ է ներկայացվել, բայց նրանք մոռացել էին, որ եզրակացության ժամանակ չէին ներկայացվել բանկի կողմից քաղվածքները, քանի որ նախաքննության փուլում է եղել, իսկ վարկային պարտավորվածությունը սկսել է հաշվարկները կատարել 2014թ. սեպտեմբերից, չնայած այն բանի, որ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվը սնանկ էր ճանաչվել դեռեւս հունիս ամսին եւ իրավունք չունեին տոկոսադրույքներ եւ տույժեր հաշվեգրելու»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Օֆշորի գործով» տուժող ճանաչված, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել «Ամերիաբանկում», որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:
Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը: Սակայն 2014թ. հունվարին Թբիլիսում ձերբակալված եւ հինգ ամիս անց հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը պնդում է, որ Տիգրան Սարգսյանը եւ արքեպիսկոպոս Կճոյանը որեւէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, եւ որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել:
Գործով միակ մեղադրյալն այս պահին գործարար Աշոտ Սուքիասյանն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքում են իրենց առնչությունը օֆշորային գործին: Միաժամանակ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Տիգրան Սարգսյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Փայլակ Հայրապետյանի, որով նախկին վարչապետը պահանջում է հերքել լրատվամիջոցներում իր հասցեին հնչեցրած մեղադրանքները, որոնք նա համարում է զրպարտություն, եւ հասցված բարոյական վնասի դիմաց 1 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցել:



























