Հայաստանը կարեւորում է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի եւ համակրանքի վրա:

Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը նոր մակարդակի է հասել Եվրասիական տնտեսական միությանը միանալով:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը կարեւորում է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Հայաստանը մշտապես հանդես է եկել հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին, սակայն բախվել է Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճին:

«Չնայած Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, Ադրբեջանն անտեսում է դրանք եւ շարունակում է սրել իրավիճակը շփման գծում: Հայկական կողմը կարեւորում է փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Համոզված ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին` խորհրդարանի ղեկավարը երախտագիտությամբ է ընդգծել այն փաստը, որ դեռեւս 1995 թվականին է Պետական դուման ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ` ապրիլի 24-ը ճանաչելով ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «20-րդ դարասկզբին կատարված այս ոճրագործության ճանաչումն ու դատապարտումը կարեւոր նշանակություն ունի մարդկության դեմ ծանրագույն հանցագործությունների կանխարգելման գործում: Ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի պատգամն է ողջ մարդկությանը` այլեւս երբեք»,-նշել է Գալուստ Սահակյանը:

Վյաչեսլավ Վոլոդինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ կապերն ունեն խոր արմատներ եւ ձեւավորված ավանդույթներ, որոնք պետք է պահպանել եւ առավել ամրապնդել: Պետական դումայի նախագահը, անդրադառնալով երկու երկրների ռազմավարական գործընկերությանն ու  միջխորհրդարանական հարաբերություններին, կարեւորել է միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ նա նշել է, որ Ռուսաստանն անում է հնարավորը տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Այս համատեքստում Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ իրենք ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի ձեւաչափում:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ այս հանդիպումները նոր որակ կհաղորդեն եւ հեռանկարներ կստեղծեն երկկողմ համագործակցության ընդլայնման համար:

Այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», տնկել են հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղեւնի: