ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այցելեց Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն ու հրշեջ-փրկարարական ջոկատները: ԱԻ նախարարը հանդիպեց Վայոց ձորի փրկարարական վարչության, Վայք եւ Եղեգնաձոր քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաեւ՝ մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնի անձնակազմին: Հանդիպմանը ներկա էին Վայոց ձորի  մարզպետ Հ. Սարգսյանն ու ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Մուշեղ  Ղազարյանը:

Նախարար Տոնոյանը շրջեց  հրշեջ-փրկարարական ջոկատներով, ծանոթացավ վերջիններիս շենքային պայմաններին, տեխնիկական զինվածությանն ու զրուցեց անձնակազմի հետ ընթացիկ խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Դ. Տոնոյանը կարգադրեց հատուկ ուշադրություն դարձնել հրշեջ-փրկարարների համազգեստի որակին:

Վայոց ձորի մարզպետի եւ համայնքային ղեկավարների հետ աշխատանքային քննարկման ընթացքում կարեւորվեց համայնքային բյուջեում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված կետի նախատեսումը: Ընդգծելով մարզերում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը՝ նախարարը Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանին կարգադրեց կենտրոնանալ աղետների կանխարգելիչ աշխատանքների վրա՝ ուժեղացնելով համագործակցությունը մարզային իշխանությունների հետ:

ԱԻ նախարարի հաջորդ կայանը Եղեգնաձոր քաղաքում տեղակայված մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն էր: Նախարարը ծանոթացավ մարզային ՃԿԿ-ի տեխնիկական հնարավորություններին, զրուցեց անձնակազմի հետ, ինչպես նաեւ՝ ստուգեց կապը մայրաքաղաքում տեղակայված Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հետ, որտեղից նախարարին զեկուցեցին հանրապետությունում օպերատիվ իրավիճակի մասին: