«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ազատամարտիկ Արմեն Մկրտումյանն արդեն երկու շաբաթից ավելի շարունակում է հացադուլը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ան ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Արմեն Մկտրումյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, նրա վիճակը բավարար է:

Ազատամարտիկը պնդում է, որ բազմաթիվ հիվանդություններ ունի, սակայն, նրան չեն տեղափոխում «Դատապարտյալների հիվանդանոց» կամ քաղաքացիական հիվանդանոց: Նրա խոսքով՝ ճաղերի հետեւում է հայտնվել վաշխառուի պատճառով. «Իմ բարեկամուհին ծանր հիվանդ էր, իրեն շտապ գումար էր հարկավոր: Մի կնոջից 19 հազար դոլար գումար վերցրեց, ես էլ երաշխավոր կանգնեցի: Բայց քանի որ բարեկամուհուս վիճակը գնալով վատանում էր, իր գումարը հետ էր պահանջում, դատի տվեց մեզ: Դատաքննության ընթացքում էլ իմ բարեկամուհին բազմաթիվ անգամներ ասել է, որ ես կապ չունեմ դրա հետ, ընդամենը երաշխավոր եմ եղել, բայց ինձ մեղավոր ճանաչեցին եւ 6 տարվա ազատազրկման դատապարտեցին»,-պատմեց նա:

Արմեն Մկրտումյանը ՀՀ Արդարադատության նախարարությունից եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ, ուսումնասիրել խուցը, որտեղ պահվում է ինքը եւ կազմակերպել իր առողջական վիճակի հետազոտում: