Ընտրապայքարին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները կողմ են հարեւանների հետ հարաբերությունների աշխուժացմանը։ Մարտի 6-ին տեղի ունեցած բանավեճերում այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ իրենց տեսակետներն են հայտնել խորհրդարանական ընտրությունների 9 մասնակիցներից 7-ը։Նշենք, որ ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի ներկայացուցիչները չեն մասնակցել բանավեճերին։ ՀՀԿ-ից նշել են, որ այս փուլում նպատակահարմար չեն համարում բանավեճերի անցկացումը։
ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանի խոսքով կուսակցությունը կարեւորում է հարաբերությունների զարգացումը Վրաստանի հետ , որտեղ արդեն ձեւավորվում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման կարեւորության ընկալումը՝ անկախ արտաքին ուժերի հետ կապից։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ՀՅԴ-ն անհրաժեշտ է համարում չեղարկել ավելի վաղ ստորագրված, բայց չվավերացված արձանագրությունները։ Նաեւ ՀՅԴ-ն կարեւոր է համարում Իրանի հետ հարաբերություններն ամրապնդելը։ «Բայց եթե Արեւմուտքի հետ Իրանի հարաբերությունները վատանան՝ դա մեզ անհարմար դրության մեջ կդնի»,- նկատեց նա։ Գործընկերների դիտարկմանը՝ հայկական ապրանքները Թուրքիա արտահանելու հնարավորության մասին, Մանոյանը նկատեց, որ ըստ անցկացված հետազոտության, դա խնդրահարույց է, քանի որ թուրքական օրենսդրությունը համապատասխանեցված է եվրոպական պահանջներին ու Հայաստանին ներքին փոփոխություններ են պետք։
Ելք դաշինքի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը ընդհանուր առմամբ տեսակետ հայտնեց, որ հարեւանների հետ Հայաստանի հարաբերությունները ցածր մակարդակի վրա են։ «Պետք է ակտիվացնել բանակցությունները Վրաստան իրանական գազի տարանցման մասին։ Բացել սահմանները Թուրքիայի հետ, բայց Ցեղասպանության ճանաչումը չկապակցել տնտեսական հարցերի հետ։ Մենք Ցեղասպանության փաստի մասին հարցեր չունենք։ Դրա համար էլ այդ հարցը պետք է իրավական հարթության վրա գտնվի»,- համարում են դաշինքում։
«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը նկատել է, որ Հայաստանը մնում է տարածաշրջանային նախագծերի շրջանակներից դուրս։ Դրա համար էլ Իրանի հետ հարաբերությունները ակտիվացնելն անհրաժեշտ է, բանակցությունների արդյունքում գտնելով խորշեր իրանական շուկայում։ Հայաստանը պետք է ԵՏՄ-ում իր դիրքերը օգտագործի Վրաստանի հետ հարաբերությունները խորացնելու համար։ Կուսակցությունը նաեւ կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց սկսզբում պետք է հասկանալ, թե ներքաղաքական առումով որքանով է կայուն այդ պետությունը ու կանխատեսելի։
«Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Նազարյանը հոռետեսական տեսակետ է հայտնել, ըստ որի Հայաստանը առհասարակ արտաքին քաղաքականություն չունի։ «Քանի որ մեր ԱԳ նախարարը, ինչպես մեր գործընկերն է արտահայտվել, լռակյաց պարոն է։ Պետք է մտածել այն մասին, որ արատքին քաղաքականություն ունենանք, իսկ հետո խոսենք հարեւանների հետ հարաբերությունների մասին»,- հայտնել է Նազարյանը։




























