ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը դժվարանում է ասել՝  այս փուլում ԲՀԿ-ն  ընտրողներին ինչ դիրքորոշմամբ է  ներկայանում՝ ընդդիմություն, իշխանություն, թե՞ այլընտրանք:

NEWS.am-ի  հարցին՝  այս պահին «Ծառուկյան» դաշինքը ընդդիմությո՞ւն է, այլընտրա՞նք, թե՞ իշխանություն, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Այսօր ընդդիմություն եւ ոչ ընդդիմություն հասկացողություն գոյություն չունի: Այսօր ընտրություններ են, ում ժողովուրդը ձայների մեծամասնությունը կտա, նա էլ կլինի իշխանություն»:

Դիտարկմանը՝ ժողովրդի համար նաեւ կարեւոր է, թե տվյալ քաղաքական ուժն ինչ դիրքորոշում ունի, պատգամավորը արձագանքեց.  «Ժողովրդի համար պարզ է, որ այսօրվա կառավարությունը քաղաքական մեծամասնությունը ծրագրեր է իրականացնում եւ շատ բաների հետ համաձայն չենք, եւ դա է պատճառը, որ ունենք այն, ինչ այսօր ունենք: Մենք ներկայացնում ենք մեր ծրագրերը»:

Ծառուկյան դաշինքից Արագածոտնի մարզում առաջադրված Լյովա Խաչատրյանն այդպես էլ չհստակեցրեց իրենց դիրքորոշումը. «Մենք Հայաստանի քաղաքացի ենք, որը եթե ստանա մեծամասնություն կլինի իշխանություն եւ կձեւավորի կառավարություն ու կիրականացնի իր տնտեսական ծրագրերը»: