ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 7–ին, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշելով, որ իր պաշտոնական այցը բարեկամ Ֆրանսիա կայանում է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում, նախագահ Սարգսյանը այն լավ առիթ եւ հնարավորություն է համարել Ֆրանսիայի բարձր իշխանությունների հետ ամփոփելու անցած ավելի քան երկու տասնամյակների ընթացքում արձանագրված բազմաթիվ հաջողությունները եւ քննարկելու ապագա անելիքները։

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման, փոխգործակցության օրակարգի ընդլայնման, հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ բարեկամության խորացման գործում եւ գոհունակությամբ են խոսել «Ֆրանսիա-Հայաստան» միջխորհրդարանական բարեկամության խմբի գործունեության մասին:

Հանրապետության նախագահը եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը ընդգծել են երկու երկրների խորհրդարանականների սերտ համագործակցությունը նաեւ միջազգային կառույցների խորհրդարանական վեհաժողովներում:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման եւ քրեականացման վերաբերյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ անձամբ նախագահ Կլոդ Բարտոլոնի դիրքորոշումը:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի, այդ թվում Ֆրանսիայի` որպես ՄԽ համանախագահող երկրի ջանքերը հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ, ընդգծելով, որ Ֆրանսիայի խորհրդարանի անդամների այցերն Արցախ միջազգային հանրությանը հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմելու եւ ճիշտ ըմբռնելու ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, ինքնորոշման համար Արցախի ժողովրդի արդար պայքարի ողջ էությունը, ինչը ցանկացած ժողովրդի անհերքելի իրավունքն է:

Այդ համատեքստում կարեւորվել է «Արցախի հետ բարեկամության շրջանակ»-ի գործունեությունը, որը Հանրապետության նախագահի համոզմամբ, անգնահատելի նպաստ է բերում Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը:

ՀՀ նախագահը եւ Ֆրանսիայի ԱԺ նախագահը հայ-ֆրանսիական երկկողմ կապերից բացի անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին ու զարգացման հեռանկարին: