Hawaiian Airlines ավիաընկերության օդանավը, որը թռիչքներ է իրականացրել Լաս Վեգասից դեպի Հավայի նահանգի մայրաքաղաք, ստիպված է եղել ընդհատել թռիչքն այն պատճառով, որ ուղեւորներից մեկը հրաժարվել է 12 դոլար վճարել՝ ծածկոցից օգտվելու համար, հաղորդում է AP գործակալությունը:
Ոստիկանությունից գործակալությանն ասել են, որ միջադեպը տեղի է ունեցել թռիչքից անմիջապես հետո: 66-ամյա ուղեւորը ծածկոց է խնդրել, ուղեկցորդուհին ներկայացրել է արժեքը, որից հետո ուղեւորը պահանջել է իրեն միացնել ավիաընկերության ներկայացուցչի հետ՝ հայտարարելով, որ նրան ցույց կտա:
Օդաչուն նման վարքագիծը ոչ տեղին է համարել եւ ընդհատել է թռիչքը՝ վայրեջք կատարելով Լոս Անջելեսի օդանավակայանում: Այնտեղ ուղեւորին դիմավորել են ոստիկանությունն ու ՀԴԲ-ն: Հարցաքննությունից հետո նա թռիչքը շարունակել է մեկ այլ չվերթով:


























