Ֆրանսիան ուզում է ձեր կողքին լինել՝ ձեր որոշումները հարգելով: Այս մասին մարտի 8-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պատվին տրված պաշտոնական ճաշի ժամանակ իր բաժակաճառում ասել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նա, մասնավորապես, ասել է.
«Մենք տոնում ենք մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մեր ընդհանուր պատմությունը չի սահմանափակվում այս 25 տարիներով: Ֆրանսիայի հայ համայնքն աշխարհի զորեղ համայնքներից մեկն է: Ֆրանսիան գիտի, թե ինչով է պարտական այն հայերին, որոնք պաշտպանեցին մեր ազատությունը: Նրանք պայքարեցին մեր հողի վրա այն արժեքների համար, որ մենք կիսում ենք մինչ այսօր: Հաղթանակից հետո նրանք մասնակցեցին վերակառուցմանը, ինչպես դա արել էին Համաշխարհային առաջին պատերազմին: Այսօր նրանք մասնակցում են Ֆրանսիայի հռչակի տարածմանը՝ արվեստի, գիտության, շարժանկարի, մշակույթի, երգի, գրականության, տնտեսության բոլոր բնագավառներում:
Պարո՛ն նախագահ,
Ինձ համար պարտականություն եւ պատիվ էր Երեւանում լինել 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչմանը: Մի մեխակ դնելով կրակի մոտ՝ ես ուզում էի իմ վկայությունը բերել այն պայքարին, որ տանում է Ֆրանսիան, որպեսզի երբեք չմոռացվի այն ողբերգությունը, որի հետեւանքով հայ ժողովրդի մի մասը կոտորվեց, իսկ մյուս մասը` սփռվեց աշխարհով մեկ:
Մենք միշտ պետք է պայքար տանենք թե՛ մոռացության, թե՛ ժխտման դեմ, քանի որ թե՛ մեկը, թե՛ մյուսը միայն մեկ հետեւանք ունեն՝ այսօրվա կոտորածները դարձնել հնարավոր:
Դուք գիտեք իմ հանձնառությունն այս հարցի շուրջ եւ հօգուտ Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտող խոսքերն ու գրությունները քրեականացնող օրենսդրությանը:
Ես չեմ հիշեցնի այն, ինչ արդեն արվել է 2001 թվականի հունվարի 29-ից ի վեր, երբ քվեարկվեց օրենքը, որով Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես տեղյակ եք, Սահմանադրական դատարանը, որի որոշումները պարտադրվում են բոլորին, համարեց, որ այդպիսի կարգադրումն անհամաչափորեն վնասում է արտահայտվելու ազատությանը: Հենց այս պատճառով է, որ Ֆրանսիան կշարունակի գործել հօգուտ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտելիքների առաջխաղացման եւ գիտահետազոտության արդյունքների տարածման, որպեսզի ճանաչվի այս ճշմարտությունը:
Մենք գործում ենք նաեւ ապագայի համար: Ուզում ենք ձեր կողքին լինել՝ որոշումները հարգելով: Ավելի քան երեք տարի առաջ դուք որոշեցիք անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Ես անձնապես պարտավորվեցի, որպեսզի այս անդամակցությունը հարցականի տակ չդնի այն կապերը, որ դուք ցանկանում եք ունենալ Եվրոպայի հետ եւ կարողանաք Եվրամիության հետ ստորագրել մի նոր շրջանակային համաձայնագիր: Ապագան միշտ կառուցելու համար է: Ֆրանսիան ուզում է մնալ արեւմտյան ներդրողների առաջին շարքերում: Շատ լավ գիտեմ Ձեր ջանքերը ձեր երկրի տնտեսական գրավչությունը բարելավելու համար: Մեր ձեռնարկությունները դա լավ հասկացել են, եւ Ֆրանսիան ներկա է գյուղատնտեսական մթերքների վերամշակման, հեռահաղորդակցության, տրանսպորտի եւ մի շարք այլ ոլորտներում: Ֆրանսիական զարգացման գործակալությունն արդեն ֆինանսավորում է բնակարանային շինարարության ծրագրեր, գյուղատնտեսական զարգացման ենթակառույցներ եւ, հատկապես, ոռոգման համակարգը: Դա նաեւ ապակենտրոնացված համագործակցության ձգտում է, որին մենք աջակցում ենք, եւ ես ուրախ եմ, որ բազմաթիվ ընտրյալներ, որոնք ներկայացնում են Ֆրանսիայի շրջանները, այս նույն ձգտումը կիսում են:
Կրթության ոլորտում 15 տարուց ի վեր Հայաստանում Ֆրանսիական համալսարանը պատրաստում է հազարավոր կատարյալ ֆրանսախոս երիտասարդների: Առիթից օգտվում եմ Ձեզ շնորհավորելու, պարո՛ն Նախագահ, ընդունելու համար Երեւանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը կազմակերպելու պատասխանատվությունը: Ֆրանսիան պատրաստ է ձեզ օգնելու այս կարեւորագույն իրադարձությանը պատրաստվելու»:


























