Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը 3 դեպքով, ընդհանուր առմամբ, մոտ 4 կգ չհայտարարագրված զարդ է հայտնաբերել:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացիներ Գեղամ Մինասյանի, Սամվել Ռշոյանի եւ Վահե Նալբանդյանի անունով փետրվարի 23-ից 25-ը Հայաստան ներկրված բեռների մեջ առկա են եղել չհայտարարագրված ոսկյա եւ արծաթյա զարդեր:

«Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները «Մետեքսիմ Տերմինալ» ընկերության մաքսային հսկողության տարածքում «Ռապիսկան» սարքի օգնությամբ զննության են ենթարկել «Կարմիր ուղի» ընթացակարգով ներմուծված բեռները եւ բացատրություն վերցրել քաղաքացիներից: Բացահայտված մաքսանենգ ապրանքը փաթեթավորվել, կապարակնքվել ու փոխանցվել է ՊԵԿ հետաքննչական մարմնին»,-նշել է ՊԵԿ ՆՀՎ 3-րդ բաժնի պետ Հովակիմ Սարգսյանը: