2018 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում անասունի ամբողջ մորթը պետք է սպանդանոցում կատարվի: Այս մասին որոշումն ընդունվեց մարտի 9-ին՝ կառավարության նիստի ժամանակ:
Պետգնումների եւ մասնավոր հատվածի համար ժամկետներ են սահմանվել, որից հետո միսը կարելի է գնել միայն սպանդանոցի տեղեկանքով: Պետգնումների համար այս պահանջն ուժի մեջ կմտնի արդեն 2017-ի մայիսի 1-ից, իսկ տեղական արտադրողների եւ միս ու մսամթերք արտահանողների համար՝ նոյեմբերի 1-ից: 2018 թվականի մարտի 1-ից պահանջն ուժի մեջ կմտնի շուկաների համար, իսկ ապրիլի 1-ից՝ մայրաքաղաքի հասարակական սննդի օբյեկտների համար: Վերջապես՝ 2018-ի հունիսի 1-ից եւ հուլիսի 1-ից սպանդանոցի միսը պետք է գնեն շրջանների շուկաները եւ հասարակական սննդի օբյեկտները:




























