«Ելք» դաշինքը սկսել է ակտիվ քարոզարշավը Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, «Ելք» դաշինքի ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Զավենի Սարգսյանն այսօր՝ մարտի 9-ին մի շարք հանդիպումներ է ունեցել ընտրողների հետ:

Նախ Արամ Սարգսյանն ու նրա ուղեկիցները կանգ են առել Արենի գյուղի շուկայում, որտեղ ընտրողներին ներկայացրել են «Ելք» դաշինքի ծրագրերը, առաջիկա անելիքները եւ դաշինքի ներկայացուցիչների գործունեությունը:

Արամ Սարգսյանը եղել է նաեւ Եղեգնաձորում, որտեղ հանդիպում է ունեցել մի խումբ բնակիչների հետ: Հանդիպումներ են կայացել նաեւ այլ բնակավայրերում:

Երեկոյան հավաք-քննարկում է կայացել «Ելք» դաշինքի Կապանի շտաբում: Վաղը նախընտրական հանդիպումները Սյունիքի մարզում շարունակվելու են:

Նշենք, որ Արամ Սարգսյանը դաշինքի տարածքային ցուցակով առաջադրվել է նաեւ թիվ 12 ընտրատարածքում: