«Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանի համար անընդունելի է, որ «որոշներն» այսօր խոսում են տարածքներ հանձնելու մասին:
Այսօր՝ մարտի 11-ին, Երեւանի Ավան վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանը Մարտիրոսյանը կոչ արեց նման հայտարարություններ չանել:
«Այսօր ով կանգնում է, խոսում է տարածքների վերադարձման մասին, իբր գրավել են, ազատագրել են, ազատել են, մի հատ էլ խոսում են վերադարձի մասին, ուրիշի կյանքի գնով ազատածը մի վերադարձրեք: Ոﹾւր եք վերադարձնում այդ տարածքները, ոﹾվ է թույլ տալիս, 1915թ.-ի ցեղասպանությունը քիﹾչ էր մեզ համար, Ղարսը որ հանձնեցիք, իﹾնչ անվտանգություն ստացաք»,- ասաց նա:
Դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ կոչ արեց քաղաքական ուժերին ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին իրենց քարոզարշավին ներառելու մեջ: Հիշեցնենք, որ ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Միհրան Պողոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ քառօրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի մայրը բեմ էր բարձրացել եւ շնորհակալություն հայտնել Պողոսյանին իրեն ցուցաբերած աջակցության համար եւ կոչ արել նրա օգտին քվեարկել:
«Ես ուղղակի պահանջում եմ բոլոր կուսակցություններից և թեկնածուներից, առավել ևս՝ իշխող ՀՀԿ-ից, նման բան այլևս թույլ չտալ։ Ես սա ասում եմ որպես մարդ, որը երկար տարիներ եղել է պաշտպանության նախարար։ Եվ վերջապես՝ ես ասում եմ որպես հայր, ում որդիները գործող բանակի սպա են և ապրիլին կանգնած էին թշնամու դիմաց ու հիմա էլ ցանկացած պահի պատրաստ են մյուս հերոսների նման պաշտպանելու մեր հայրենիքը»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Նշենք, որ սա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին հանդիպումն է մայրաքաղաքում:




























