Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, եւ մեր հարաբերությունները երկար պատմություն ունեն: EFE իսպանական գործակալության հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Խոսելով դիվանագիտական ինտենսիվ գործունեության, վերջերս Փարիզ եւ Մոսկվա կատարած այցերի ամսին՝ նախագահը նշել է, որ յուրաքանչյուր երկիր սեփական խնդիրներ ունի, յուրաքանչյուր երկիր ձգտում է սերտորեն համագործակցել իր գործընկերների հետ, եւ այդ համագործակցությունը բազմակողմ է: «Կարծում եմ՝ քաղաքական ակտիվ երկխոսությունն ավելի արդյունավետ միջոց է եւ մյուս հատվածների համար լավ ազդակ: Այո, ես գրեթե 1 շաբաթ առաջ Բրյուսելում էի, երեկ վերադարձել եմ Փարիզ ուղեւորությունից եւ երեքշաբթի կմեկնեմ Մոսկվա: Ցանկանում եմ ավելացնել, որ մարտին նախատեսված է այցելություն Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Մալթա»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Մեկնաբանելով Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ այն, որ «Ռուսաստանը Հայաստանի գլխավոր քաղաքական, տնտեսական եւ ռազմական դաշնակիցն է», ինչպես նաեւ երկու երկրների հարաբերությունները՝ նախագահը նշել է. «Ճշմարիտ է, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, եւ մեր հարաբերությունները երկար պատմություն ունեն: Հարաբերությունների ձեւավորման ընթացքում բազմաթիվ կապեր են ստեղծվել, որոնք մեզ համար կենսականորեն կարեւոր են: Մենք դրանք խզելու ոչ մի պատճառ չենք տեսնում: Հակառակը՝ մենք ցանկանում ենք այդ հարաբերությունները խորացնել եւ ընդլայնել: Դա բխում է մեր ազգային շահերից: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակով: Մենք անդամակցում ենք Եվրասիական տնտեսական միությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, համագործակցում ենք նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Ես չեմ ցանականում արեւմտյան երկրների քաղաքականության վերաբերյալ որեւէ գնահատական տալ, որոնք ներկայումս Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններ ունեն, քանի որ կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր կազմակերպություն ինչ-որ քայլ անելիս այն նախապես ճիշտ է համարում:
Մեր երկիրը փոքր է, ուստի ես չէի ցանկանա մեր դերն ուռճացնել եւ ասել, որ Հայաստանը կարող է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ կամուրջ դառնալ: Դա չափազանցություն կլիներ:
Հետեւաբար՝ մենք մշտապես աշխատում ենք Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լրացուցիչ խնդիրներ չստեղծել: Մենք վտանգավոր ենք համարում կողմերի միջեւ տարաձայնություններից օգտվելը: Շատ դեպքերում փոքր երկրների համար դա կարող է ճակատագրական լինել: Ուստի մենք մեզ ավելի հարմարավետ ենք զգում, երբ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները լարված չեն: Դա մեզ համար առավել ընդունելի վիճակ է»,- նկատել է նախագահը:
ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի հարաբերություններին անդրադառնալով՝ նախագահը նշել է, թե հնարավոր է, որ այս երկու տնտեսական եւ քաղաքական կառույցների միջեւ հակասություններ կան, սակայն լինելով ԵՏՄ անդամ՝ մենք միեւնույն ժամանակ ձգտում ենք համագործակցել նաեւ Եվրամիության հետ: ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Ամեն տարի մենք բարելավում ենք մեր հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ, որը նույնպես համապատասխանում է մեր ազգային շահերին, նշել է Սարգսյանը: «Տեղյակ եք, որ ԵՄ-ը մշակել է «Արեւելյան գործընկերություն» կոչվող ծրագիրը, որի ներսում տարատեսակ խնդիրներ կային: Սակայն 2015 թվականին Ռիգայի գագաթնաժողովից հետո ամեն ինչ փոխվեց, քանի որ որոշում ընդունվեց, որ ԵՄ-ը պետք է «Արեւելյան գործընկերության» յուրաքանչյուր անդամի նկատմամբ տարբերակված մոտեցում ունենա: Գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո Հայաստանը ցանկություն հայտնեց ԵՄ-ի հետ բանակցությունները վերականգնել նոր շրջանակային համաձայնագրի շուրջ: 2015-ի դեկտեմբերին Հայաստանը եւ ԵՄ-ը հայտարարեցին բանակցությունների մեկնարկի մասին: Մեկ շաբաթ առաջ Բրյուսելում ես եւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեցինք բանակցությունների ավարտի մասին: Ամեն ինչ պատրաստ է ստորագրմանը: Մենք մեր վարած քաղաքականության մեջ ոչ մի հակասություն չենք տեսնում: Հակառակը՝ համոզված ենք, որ այն հավասարակշռված է, եւ փաստաթղթերից ոչ մեկում չկան այնպիսի կետեր, որոնք միմյանց հակասեն: Ինչո՞ւ խոսեցի փաստաթղթերի մասին: Որովհետեւ կարծում եմ, որ պետության ամենակարեւոր պարտականություններից մեկը պատասխանատվությունն է եւ իր գործողությունները պաշտպանելու ունակությունը»,- եզրափակել է նախագահ Սարգսյանը:



























