Հայաստանը միակ երկիրը չէ, որոնց վերաբերյալ ՄԻԵԴ-ը իրավունքների խախտման փաստերը ճանաչում է: Մարտի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

«Բոլոր՝ ինչպես հին, այպես էլ նոր ժողովրդավարություններով երկրներում խախտումներ լինում են: Այն հանգամանքը, որ Հայաստանի դեմ որոշումներ են ընդունվում, չպետք է լուրջ մտահոգություն առաջացնի: Այլ հարց է, որ պետք է միջոցներ ձեռնարկել խախտումները կրճատելու համար: Այդ միջոցները պետք է ձեռնարկեն պետական բոլոր մարմինները, առաջին հերթին՝ դատական համակարգը: Այսինքն՝ դատարանում պետք է ուղղվի նախորդ ատյանների սխալը»,- նշեց Գեւորգ Կոստանյանը:

Այս ենթատեքստում նա նշեց, որ ՄԻԵԴ-ի որոշումները կարող են դատավորների դեմ վարույթ հարուցելու հիմնավորում լինել, սակայն պարտադրող ցուցում չեն: Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ում տանուլ տված գործերով փոխհատուցումը հայրենական դատավորներից բռնագանձելուն, ապա Գեւորգ Կոստանյանը հիշեցրեց, որ դատական համակարգն անկախ է, այդ թվում՝ ֆինանսապես: Այլ հարց է, որ վարչական ընթացակարգի շրջանակում նա կարող է տուգանվել: Կոստանյանը որպես օրինակ նշեց «Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով Սյունիքի մարզի դատավորի ֆինանասական պատժի դեպքը:

Գեւորգ Կոստանյանի կարծիքով՝ իրավիճակն ընդհանուր առմամբ հատուկ մտահոգություն չի առաջացնում, քանի որ Հայաստանի դեմ 15 մլն եվրոյից ավելի գումարով ավելի քան 2000 հայցերից բավարարվել է մի քանի տսնյակը՝ մոտ 940 հազար եվրո գումարով: