Կարեն Վարդանյանի սպանության գործով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մարտի 17-ին, ցուցմունք տվեց «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա նշեց, որ Կարեն Վարդանյանին ճանաչել է 2009թ., իրենց կազմակերպությունում աշխատել է որպես փորձագետ: Դանիել Իոնիսյանի խոսքով` նախորդ տարվա մարտին Կարեն Վարդանյանը տեղեկացրել է, որ մտադիր է մեկնել Դուբայ, որպեսզի ծանոթանա շուկային եւ սկսի բիզնեսով զբաղվել:

«Կարենը միամիտ էր, չէր կարծում, որ մարդիկ ունակ են խաբել, հավատում էր, որ մարդիկ ազնիվ են եւ հակված չեն սուտ ասելու: Նախորդ տարվա մարտին ինձ հայտնեց, որ մեկ շաբաթով մեկնելու է ԱՄԷ, մտադիր է բիզնեսով զբաղվել: Ես փորձում էի համոզել, որ չի կարողանա զբաղվել բիզնեսով, բայց ասում էր` ինքն ու իր ընկերները կկարողանան զբաղվել եւ մենք սխալվում ենք: Մարտի 17-ին Կարենը մեկնեց, ռոումինգը միացրել էինք, որպեսզի եթե խորհրդակցության կարիք ունենանք իր հետ կապի մեջ լինենք, բայց հաջորդ օրերին անհասանելի էր»,-ասաց նա:

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ Կարենի մեկնելուց հետո նրա հարեւանը` քրեական գործով ամբաստանյալ Գեւորգ Զոհրաբյանը, գնացել է նրա տուն եւ նրա բանակարանից դուրս հանել փորձագետի բարեկամուհուն, որը ժամանակավորապես բնակվել է նրա տանը` նշելով, որ բնակարանը վաճառված է:

«Գնացինք տեսնելու` ինչ է կատարվում, Կարենի բնակարանում Գեւորգին տեսա եւ նրա եղբորը, ինձ ասացին, որ Կարենը Գեւորգին է նվիրել բնակարանը եւ նա էլ այլ անձի է վաճառել դա: Հարցին` ինչու է նվիրել, Գեւորգն ասաց` ինձ շատ է սիրում եւ ծնունդիս կապակցությամբ նվիրել է:  Դա շատ տարօրինակ էր»,-պատմեց նա:

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ Կարեն Վարդանյանը մեկնելուց անմիջապես հետո իր ֆեյսբուքյան էջում նշել է, թե գտնվում է Դուբայում, սակայն,Կարեն Վարդանյանի բջջային հեռախոսահամարի քարտը գտնելուց հետո, պարզվել է, որ Կարենը այդ գրառումը կատարել է Աջափնյակից: Դրանից հետո ոստիկանություն հաղորդում է ներկայացվել, որից հետո բացահայտվել է հանցագործությունը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Ախթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ էին  հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով  տեղափոխել են  Երեւան եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով):  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել:

Հիշեցնենք, որ 2016թ. մարտի 28-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգողն էր գրավոր հաղորդում ներկայացրել առ այն, որ նշված ՀԿ-ի փորձագետ Կարեն Արշակի Վարդանյանը 2016թ. մարտի 17-ին իր՝ Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/8-րդ շենքի 32-րդ բնակարանից դուրս է եկել՝ 1 շաբաթով արտասահման գործուղման մեկնելու նպատակով, սակայն մինչ օրս չի վերադարձել:

Նշենք, որ Կարեն Վարդանյանի սպանության գործով նիստին ներկա է ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ՍԴՀԿ կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը, ԱԺ տեղեկատվության միջոցների եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: