ՀՀ ԱԻՆ-ում ստորագրվել է սողանքային աղետի կառավարման ծրագիրը: Մարտի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) Սողանքային ծրագրով համակարգող Քեյջի Յանոյին:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը ստորագրեցին Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ծրագրի վերաբերյալ քննարկումների արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:
Ծրագրի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի ռիսկի նվազեցումն է՝ սողանքի հետազոտության եւ գնահատման արդյունքների հիման վրա սողանքային աղետի համապարփակ կառավարման պլանի մշակման եւ հակասողանքային միջոցառումների իրականացման միջոցով:
Ծրագրի արդյունքում աշխատանքային խմբի մասնագետները ձեռք կբերեն հետազոտության, գնահատման, միջոցառումների նախագծման, պատվիրման եւ իրականացման հմտություններ ու գիտելիք, կմշակվի Հայաստանում սողանքային աղետի համապարփակ կառավարման պլան, ինչպես նաեւ՝ սողանքային աղետի ռիսկի նվազեցման ուղեցույց, կբարելավվեն միջոցառումների վերաբերյալ օրենքներն ու նախարարության որոշումները:
Իրականացվող ծրագրի շնորհիվ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության մասնագետները ձեռք կբերեն տրամադրված դրենաժային հորատման սարքի շահագործման համար անհրաժեշտ հմտություններ եւ կկարողանան կատարել ջրահեռացման հորատման /պահպանման աշխատանքներ:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է 2014 թվականից ՀՀ արտակարգիրավիճակների նախարարության եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ ջանքերով:




























