Հունաստանն ու միջազգային վարկատուները մարտի 20-ին կայանալիք Եվրախմբի նիստի նախաշեմին չեն կարողացել համաձայնեցնել երեք հիմնական թեմաները՝ սոցիալական ապահովագրություն, աշխատանքային  բարեփոխումներ եւ էներգետիկա: Այս մասին լրագրողներին ասել է կառավարության ներկայացուցիչը՝ վարկատուների հետ տեսահամաժողովից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեսահամաժողովը տեղի է ունեցել  ուրբաթ երեկոյան եւ տեւել  է վեց ժամ: Հունաստանի կառավարությունը հույս ուներ լուծել բոլոր վիճահարույց հարցերը մինչեւ մարտի 20-ը եւ ստանալ բարեփոխումների ծրագրի ընթացքի երկրորդ դրական գնահատականը: Առանց այդպիսի գնահատականի՝ Հունաստանը չի կարող ստանալ պետական պարտքի սպասարկման համար անհրաժեշտ  հերթական  վարկը: Օգնության երրորդ ծրագիրը նախատեսում է Հունաստանին 86 մլրդ եվրոյի հատկացում այն պայմանով, որ կառավարությունը պետք է իրականացնի բարեփոխումների կոշտ ծրագիր:

Ինչպես նշել է  կառավարության ներկայացուցիչը, վիճելի հարցերի լուծման համար քաղաքական որոշումներ են անհրաժեշտ: