Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 18-ին, ժամը 19:18-ին  ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ «Էկո Գազ» գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 88 SV 889 համարանիշի (վարորդ՝ 24-ամյա Հենզել Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել երկաթյա արգելապատնեշին եւ կախվել դեպի ձորակը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հենզել Բ.-ն, ուղեւորներ 21-ամյա Դայանա Հ.-ն, 22-ամյա Գրիգոր Հ.-ն հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետեւ Դ. Հ.-ն տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները Հ. Բ.-ի վիճակը գնահատել են միջին ծանրության, Դ. Հ.-ինը՝ կայուն ծանր, իսկ Գ. Հ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները կտրել են ավտոմեքենայի մեջ մտած արգելապատնեշի հատվածը, ֆիքսել ավտոմեքենան, որ ձորը չընկնի, այնուհետեւ հոսանքազրկել եւ անջատել են գազի բալոնի փականը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդ Հենզել Բ.-ն եւ Գրիգոր Հ.-ն աշխատում են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 2-րդ վաշտում: