Գերմանիայի իշխանությունները կիբերհարձակումների դեմ «բարձր պատրաստվածության» ռեժիմ են սահմանել խորհրդարանական ընտրությունների նախօրեին` հայտարարելով, որ վերջին ժամանակներում կառավարական վեբ կայքերը ամեն օր հարձակումների են ենթարկվում, հաղորդում է Welt am Sonntag-ը:

«Մենք ամեն օր հարձակումներ ենք նկատում ընդդեմ կառավարական ցանցերի», - պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Տեղեկատվական անվտանգության դաշնային գրասենյակի (BSI) ղեկավար Արնե Շենբոն: 

Շենբոն ասել է, որ BSI-ն սերտ կապերի մեջ է ընտրություններն անցկացնելու պատասխանատու անձանց, քաղաքական կուսակցությունների եւ Գերմանիայի տարածաշրջանների ղեկավարների հետ` կիբերհարձակումներից պաշտպանությունն ապահովելու համար եւ պատրաստ է արձագանքել ընտրությունների ընթացքին միջամտելու հնարավոր փորձերին: 

Հիշեցնենք, որ Գերմանիայում խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան սույն թվականի սեպտեմբերի 24-ին: