Հայտարարությունները, թե ՕԵԿ-ը Արթիկի բնակիչներին բռնի կերպով կուսակցականացնում է, սեւ PR է «Օրինաց երկրի» դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
«Բոլորը գիտեն, որ ծնունդով Արթուր Բաղդասարյանն Արթիկից է եւ այդ փաստն օգտագործում են ՕԵԿ-ի դեմ: Արթիկի բնակիչներն այդքան միամիտ չեն եւ իրենք ինքնուրույն են որոշում, թե ում տալ իրենց ձայնը»,- նշել է Զոհրաբյանը:
Նա նաեւ ասել է, որ ամբողջությամբ համաձայն է Հեղինե Բիշարյանի հետ, որ ՕԵԿ-ը ստիպողաբար ոչ ոքի չի կուսակցականացնում, ինչպես նաեւ ՀՀԿ-ն այդպիսի քայլերի չի գնում:
Ինչ վերաբերում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանին, ով հայտարարել է, որ կհրապարակի փաստեր, որոնք ապացուցում են, որ Արթիկում մարդկանց ստիպողաբար դարձնում են ՕԵԿ անդամ, Զոհրաբյանը նշել է. «Թող նա հրապարակի իր փաստերն ու ապացուցի»:
Անդրադառնալով 2013 թվականի նախագահական ընտրություններին, Զոհրաբյանն ասել է, որ ՕԵԿ-ի ներկայացուցիչներն արդեն 2-3 անգամ պաշտոնապես հայտարարել են որ այդ ընտրություններում աջակցելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը: «Դրանից հետո պետք չէ կասկածել նրանց խոսքերին: Չեմ կարծում, որ երբ գա ժամանակը, նրանք հրաժարվեն իրենց խոսքից: Նրանք իրենց խոսքի տերն են, բացի այդ, նրանք մեր կոալիցիոն գործընկերներն են»,- ընդգծել է ՀՀԿ փոխնախագահը:
Նշենք, որ Պետրոս Մակեյանը, ով ծնունդով Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղից է, մամուլում հայտարարել էր նաեւ, որ Արթիկի տարածաշրջանի ՕԵԿ-ացման գործընթացին հատկապես ջանասիրաբար լծված է Արթիկի նորանշանակ ոստիկանապետ Տիգան Պետրոսյանը: Նա, ըստ Մակեյանի, պարտադրում, ստիպում ու սպառնում է ՕԵԿ-ին անդամագրվելուց հրաժարվողներին, այսպիսով չարաշահելով իր պաշտոնեական դիրքը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պետրոս Մակեյանը պնդել է իր խոսքերը՝ հավելելով, թե բազմաթիվ փաստեր ունի ձեռքի տակ: «Արթիկի ամբողջ տարածքը, ըստ ստացված հրահանգի, պետք է ՕԵԿ-ացվի, ինչին պետք է միջամտի եւ աջակցի ոստիկանությունը: Ես ներկայացնում եմ տարածաշրջանում տիրող իրավիճակի միայն 50 տոկոսը, իսկ մնացածի մասին, եթե ամոթից զրկված ՕԵԿ ղեկավարները շարունակեն իրենց բարբաջանքները, ես կհրապարակեմ իմ ձեռքի տակ եղած փաստերը: Մի թիվ ասեմ՝ Արթիկի 23 գյուղից 18-ը «Օրինաց» են գրվել: ՕԵԿ-ը կուսակցություն չի, այլ աղանդ»,-հավաստիացրել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարը:





























