Իտալիայի ՆԳ նախարար Մարկո Մինիտին հանձնարարել է Եվրամիության գագաթնաժողովի նախաշեմին, որը Իտալիայի մայրաքաղաքում է անցկացվելու շաբաթ օրը, անվտանգության միջոցառումներն ուժեղացնել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Համապատասխան որոշումն ընդունվել է Լոնդոնի ահաբեկչությունից հետո հրավիրված Ռազմավարական վերլուծության հակաահաբեկչական ազգային կոմիտեի նիստի ժամանակ:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել քաղաքի հայտնի զբոսաշրջային վայրերից մեկում։ Վեսթմինսթերյան կամրջով ընթացող ավտոմեքենան, մայթ բարձրանալով, վրաերթի է ենթարկել մի քանի մարդու, հասել մինչեւ խորհրդարանի շենք, որտեղ չարագործին կանգնեցրել է ոստիկանությունը։ Նա դանակահարել է ոստիկանին, ով ավելի ուշ վախճանվել է։ Ահաբեկչին գնդակահարել է մեկ այլ ոստիկան։ 

Ահաբեկչության հետեւանքով 4 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել։