Հայաստանում մեկնարկել է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիրը, որը մեր մոտավոր հաշվարկով կծածկի միջին եւ խոշոր ֆերմերների գյուղտեխնիկայի պահանջարկը: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության գյուղատնտեսության, սննդի եւ ճանապարհա-շինարարական մեքենաշինության վարչության պետ Եվգենի Կորչեւոյի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ռուսական պատվիրակության կազմում է նաեւ Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն: Հայկական կողմից հանդիպմանը ներկա էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:
«Հայաստանում մեկնարկել է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիրը, որը մեր մոտավոր հաշվարկով կծածկի միջին եւ խոշոր ֆերմերների գյուղտեխնիկայի պահանջարկը, իսկ փոքր ֆերմերներին ժամանակակից տեխնիկայով եւ սարքավորումներով ապահովելու եւ համապատասխան ծառայություններ մատուցելու նպատակով մենք մտադիր ենք ստեղծել մեքենա-տրակտորային կայան», - նշել է նախարար Իգնատի Առաքելյան:
Նախարարը նաեւ հավելել է, որ ռուսական կողմի հետ համատեղ ՄՏԿ-ի ստեղծման հարցն արդեն իսկ քննարկվել է ռուսական կողմի հետ մի շարք հանդիպումների ընթացքում, այդ թվում` նաեւ ՌԴ-ից Հայաստան ժամանած գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Պատվիրակության ղեկավար Եվգենի Կորչեւոյը իր հերթին կարեւորել է հնարավորինս սեղմ ժամկետներում ՄՏԿ-ի ստեղծման հարցը, որպեսզի ընթացիկ տարվա ընթացքում այն գործարկվի: Միաժամանակ նա ընդգծել է ռուսական կողմի պատրաստակամությունն աջակցություն ցուցաբերել կայանի ստեղծման հարցում:
Եվգենի Կորչեւոյը հավելել է, որ ՄՏԿ-ի ստեղծման գործընթացն իրականացնելիս հարկավոր է հստակեցնել բոլոր խնդիրները, ճիշտ կազմակերպել մենեջմենթը` ծառայությունների մատուցման բարձր մակարդակ ապահովելու նպատակով:
Հանդիպման ընթացքում ռուսական կողմն առաջարկել է մշակել եւ ստորագրել ճանապարհային քարտեզ, որում կընդգրկվեն նախատեսվող համատեղ միջոցառումներն ու դրանց ժամանակացույցը, քննարկվել են ՄՏԿ ֆինանսավորման եւ գործունեության կազմակերպման հնարավոր տարբերակները:
Ռուսաստանյան պատվիրակության կողմից առաջարկություն է հնչել նաեւ կազմակերպել ՀՀ գյուղատնտեսության նախարարի եւ ՄՏԿ-ի մասնագետների այցը Ռուսաստան` տեղում ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկային եւ կից սարքավորումներին ծանոթանալու նպատակով:
Քննարկվել է նաեւ համատեղ ջանքերով եւ ֆինանսավորմամբ փոքր ՄՏԿ-ների ստեղծման հնարավորությունը:




























