Ռուսաստանի հյուպատոսը հանդիպել է Վրաստանում լրտեսության մեջ կասկածվող քաղաքացիներից մեկին: Այդ մասին, ըստ «ՌԻԱ Նովոստիի», հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն: Չի հստակեցվում, թե կոնկրետ ում հետ է հանդիպել հյուպատոսը: Կալանդաձեն նշել է, որ եթե ռուսական կողմը ցանկություն հայտնի հանդիպել մյուս քաղաքացիների հետ, դա կապահովվի:

Փոխնախարարը նշել է, թե  «տվյալ փուլում» Վրաստանի կողմից չկա շահագրգռվածություն այդ հարցում բանակցելու ուղղությամբ:

Նշենք, որ Վրաստանը նոյեմբերի սկզբին հայտարարել էր, թե Ռուսաստանի օգտին աշխատող լրտեսներ են ձերբակալվել: Ներկայումս անազատութան մեջ են գտնվում ՌԴ չորս քաղաքացիներ՝ Արմեն Գեւորգյանը, Ռուբեն Շիկոյանը, Պետրե Դեւրիշաձեն եւ Յուրի Սկրիլնիկովը: Եւս 9 ձերբակալվածներ Վրաստանի քաղաքացիներ են: