Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպել է Հայաստանի ՏՏ ոլորտի կին ներկայացուցիչների հետ և կարեւորել կանանց խրախուսման տնտեսական շահերը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Կանանց զբաղվածության աճը կարող է մեծ ներուժ հանդիսանալ Հայաստանի տնտեսության առաջխաղացման համար: Ներկայում կանայք կազմում են Հայաստանի տնտեսապես ոչ ակտիվ բնակչության 67 տոկոսը, իսկ նրանց գործազրկության մակարդակը տղամարդկանց գործազրկության մակարդակի գրեթե կրկնակին է (համապատասխանաբար` 51,5 եւ 21,8 տոկոս): Համաշխարհային բանկի գնահատումների համաձայն, զբաղվածության եւ ձեռներեցության ասպարեզում կանանց մասնակցության անհավասար հնարավորությունների արդյունքում Հայաստանը կորցնում է իր պոտենցիալ ՀՆԱ-ի շուրջ 14 տոկոսը:

Կարեւորելով Հայաստանում կանանց առաջնորդության դերը եւ տնտեսության մեջ կանանց կարողությունների հզորացումը, մարտի 29-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպել է Հայաստանի ՏՏ ոլորտի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրերի կին շահառուների հետ: 

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից աջակցվող Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում կայացած հանդիպման ընթացքում դեսպան Միլսը մասնակիցների հետ զրուցել է իրենց աշխատանքի մարտահրավերների ու հաջողությունների մասին, նաեւ տեղեկացել նրանց ընթացիկ ծրագրերի մասին:

«Ցավոք հաճախ ենք դեռ բախվում այն կարծրատիպին, որ հաջողակ ՏՏ մասնագետը տղամարդ է: Սակայն իրականում կանայք գնալով ավելի կարեւոր դեր են խաղում կոդավորման, արտադրանքի մշակման, վեբ-դիզայնի եւ ՏՏ ոլորտի այլ ասպարեզներում: Սա առավել քան ճշմարիտ է Հայաստանի դեպքում, ինչի վառ ապացույցը այսօր այս սենյակում հավաքված տաղանդի եւ փորձի հարստությունն է: Դուք ՏՏ ոլորտի մի խումբ մասնագետներ եք, կին մասնագետներ, ովքեր իրենց ստեղծագործական, խնդիրների լուծման կարողության եւ տեխնիկական պատրաստվածության շնորհիվ ջանում են խթանել Հայաստանի տնտեսության զարգացումը: Ես հպարտ եմ, որ Միացյալ Նահանգները, մեծամասամբ ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով, կարողացել է աջակցել ձեզ եւ օգնել ձեզ կյանքի կոչել ձեր ներուժն ու ձգտումները», - ասել է դեսպանը Միլսը:

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է Հայաստանի ՏՏ ոլորտի կին ձեռներեցներին բազմաթիվ ծրագրերի, այդ թվում երեք նորարարական տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման միջոցով: Հայաստանի կառավարության, համալսարանների եւ մասնավոր հատվածի, ներառյալ Մայքրոսովթ, Նեյշնլ Ինսթրումենթս եւ Այ-Բի-Էմ ընկերությունների հետ սերտ համագործակցության ներքո ԱՄՆ ՄԶԳ-ն հիմնադրել է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (www.micarmenia.am), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (anel.am), եւ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (istc.am):

Որպես Հայաստանի տնտեսության ամենաարագ աճող ճյուղերից մեկը, ՏՏ ոլորտը իրական հնարավորություն է ընձեռում կանանց դառնալ նորարարության առաջնորդներ եւ խոշոր ներդրում ունենալ երկրի տնտեսական առաջընթացում:

Կարեւորելով գենդերային հավասարության անհրաժեշտությունը եւ կանանց կենսական դերը տնտեսական աճի ապահովման գործում, ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի քան երկու տասնամյակ խթանում է հայ կանանց մասնակցությունը տնտեսության մեջ` օգնելով նրանց իրագործել իրենց ներուժը բազում ոլորտներում, այդ թվում` ագրոբիզնեսի, տուրիզմի, տեքստիլի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: