Հայաստանի դոնոր գործընկերները առաջարկում էին ցույց տալ մուտքեր, որ կարող ենք այդ վարկերը սպասարկել, եւ զուտ խոսքը, որ մենք ստվերից դուրս կբերենք տնտեսությունը, չէր բավարարում նրանց: Այս մասին նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ-ի առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը:
Հարցին, թե ինչով էր պայմանավորված հարկային նոր օրենսգրքի ընդունում եւ արդյոք շարունակվելու են հարկային փոփոխությունները, Կարեն Կարապետյանը պատասխանել է, որ հարկային օրենսգիրքն իրավունք ունի ապրելու, եւ այնպես չէ, որ այն չափազանց վատն է. «Հիմնական դժգոհությունները գալիս են նրանից, որ սպիտակ դաշտում աշխատող բիզնեսն ասում էր, որ դուք մեր բեռը բարձրացնում եք պարբերաբար, որովհետեւ ստվերի դեմ չեք կարող պայքարել եւ, հետեւաբար, մենք փոշմանում ենք, որ սպիտակ դաշտում ենք գտնվում: Այդ բնութագիրը որոշակի առումով օբյեկտիվ է: Ինչո՞ւ մենք գնացինք նման հարկային օրենսգրքի: Ունենալով բյուջեի դեֆիցիտ մենք պետք է ներգրավեինք ֆինանսական միջոցներ: Մեր դոնոր գործընկերները առաջարկում էին ցույց տալ մուտքեր, որ կարող ենք այդ վարկերը սպասարկել, եւ զուտ խոսքը, որ մենք ստվերից դուրս կբերենք, չէր բավարարում նրան: Այդ պատճառով այն բազիսի հիման վրա, որը մենք ունեինք, հարկային օրենսգիրքը փոփոխվեց այնպես, որպեսզի կարողանանք այդ հոսքերն ապահովել»:
Անդրադառնալով կառավարության ստրատեգիական նախաձեռնությունների կենտրոնի գործունեությանը՝, վարչապետն ընդգծել է, որ իրենց առաջին բարեփոխումը վերաբերում է հարկային-մաքսային ոլորտին: Նա ընդգծել է, որ 2017 թվականի երկու ամիսներին՝ նախորդ տարվա հետ համեմատած սեփական եկամուտների աճ կա. «Սեփական եկամուտների աճը 2017 թվականի երկու ամիսների ընթացքում 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բավական լուրջ թիվ է կազմում՝ 10,6 տոկոս, մոտավորապես 16 մլրդ դրամ: Բայց ինձ նույնիսկ այդ թվերը չեն ուրախացնում, որքան բովանդակությունը, որովհետեւ մենք կանխավճար չենք գանձում: Եթե բերենք հին տարբերակին, այդ աճը կարող էր ավելին լինել: Դա ցույց կտա, որ մենք ռեալ աշխատում ենք ստվերի դեմ, որովհետեւ այս թվերի մեջ մեծ մասը ստվերից եկած թվերն են: Հարկային դաշտը պետք է մաքսիմալ պարզեցված լինի, ինչքան բարդ, այնքան կոռուպցիոն ռիսկերը շատ»:




























