Ամերիկացի գիտնականները պարզել են, որ միայնակ մարդիկ ավելի շատ են մրսածությամբ տառապում, քան ակտիվորեն շփվողները: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Health Psychology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ միայնակությունն ազդում է հիվանդության հատկապես սուբյեկտիվ ընկալման վրա, այլ ոչ թե բժշկական օբյեկտիվ ցուցանիշների:

Ամերիկացի հետազոտողներն ընտրել են 18-ից մինչեւ 55 տարեկան 159 մարդու: Նրանց վարակել են ռինովիրուսով, որը մրսածության հիվանդություն է առաջացնում, եւ 5 օրով հյուրանոցում կարանտինի մեջ են թողել: Այս ընթացքում գիտնականները հետեւել են նրանց ֆիզիկական եւ հոգեբանական վիճակին:

Նրանք պարզել են, որ հիվանդանալու հավանականությունը կախված չէ այն հանգամանքից՝ մարդը մենակություն զգում է, թե ոչ: Սակայն իրենց լքված զգացող մարդիկ հայտարարել են հիվանդության ավելի ուժեղ արտահայտված ախտանշանների մասին, քան նրանք, որոնք շփման պակաս չեն ունեցել:

Այսպիսով, արժե, որ մրսածության ժամանակ բժիշկներն ուշադրություն դարձնեն նաեւ հիվանդի հոգեբանական վիճակի վրա, նշել է հետազոտության հեղինակներից Անգի ԼեՌոյը: