Քանի որ այս պաշտոնն ինձ են վստահել, ես ամեն ինչ կանեմ, ինչն իմ ուժերի սահմաններում է, որ նպաստեմ մեր երկրի վերականգնմանը, որ Հայաստանը դառնա ժամանակակից, առաջ ընթացող եւ զարգացած երկիր: «Իզվեստիա» թերթի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է ինքը որոշել քաղաքականություն մտնել եւ վարչապետ դառնալ «Գազպորմում» երկարատեւ աշխատանքից հետո:

Կարապետյանի խոսքով՝ ինքը շատ դրական է գնահատում «Գազպրոմում» իր աշխատանքային փորձը եւ այս կազմակերպությունը ամենահաջողվածներից մեկն է համարում»: «Ինչ վերաբերում է ինձ՝ որպես վարչապետի, կարծում եմ՝ քանի որ այդ պաշտոնն ինձ են վստահել, ես ամեն ինչ կանեմ, ինչն իմ ուժերի սահմաններում է, որ նպաստեմ մեր երկրի վերականգնմանը, որ Հայաստանը դառնա ժամանակակից, առաջ ընթացող եւ զարգացած երկիր»:

Կարապետյանը նշել է, որ երբ Հայաստանի նախագահը ստորագրել է վաչապետի պաշտոնում իր նշանակման հրամանը, նշել է քաղաքական բարեփոխումների անցկացման մասին: «Իմ վրա է դրվել երկրում փոփոխությունների պատասխանատվությունը: Ես դա այսպես եմ հասկանում՝ բարեփոխումը նախեւառաջ դրական ուղղությամբ փոփոխությունն է, իսկ փոփոխությունը մեր ամենօրյա պահանջմունքն է: Երբեք չի լինի կառավարման այնքան կատարյալ համակարգ, որը փոփոխությունների կարիք չունենա: Ես ձգտում եմ իմ աշխատանքն այդկերպ կազմակերպել, որ ինձ բարեփոխիչ անվանի ոչ միայն նախագահը»,- նշել է վարչապետը:

Ի պատասխան մեկնաբանություններին, թե ընտրությունների ժամանակ տեղացիներն ասել են, որ որպես բողոք քվեարկելու են ընդդիմադիր «Ելք» դաշինքի օգտին, սակայն «եթե Կարեն Կարապետյանն ասի, որ 2018 թվականից հետո էլ կմնա վարչապետ, կքվեարկեին Հանրապետական կուսակցության օգտին», Կարապետյանը նշել է, որ երբ մարդիկ անկեղծորեն քեզ հավատում են, դա նշանակում է այդ մարդկանց առջեւ վիթխարի պատասխանատվություն: «Ես դա հասկանում եմ եւ դրան մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում: Հանրապետական կուսակցության հաղթանակից հետո մեր կառավարությունը կշարունակի բարեփոխումների կուրսը, որոնք սկսել է, եւ ես կասեի, որ այս վեց ամիսներին հաջողությամբ ենք առաջ տանում: Մեր կռավարությունը բաց է ե՛ւ քննադատության, ե՛ւ համագործակցության համար: Մենք ջանում ենք վերականգնել իշխանությունների նկատմամբ հավատը, գտնել տնտեսական եւ սոցիալական լուծումներ, որոնք կերաշխավորեն պետության կայուն զարգացումը՝ սկսած այսօրվանից ու տասնամյակներ առաջ եւ Հայաստանի դիրքերը տարածաշրջանում կամրապնդեն: Մենք շահագրգռված ենք մեր երկրի կայացմամբ: Շատ բան է անհրաժեշտ փոխել, բայց միասին քայլ առ քայլ մենք կկարողանանք հասնել դրված նպատակներին, իսկ նպատակներն ու ռազմավարությունները կոնկրետ են նշված, եւ սա անչափ կարեւոր է»,- ասել է Կարապետյանը: