Արագածոտնի մարզում «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված եւ պարտված պատգամավոր Լյովա Խաչատրյանը մտադիր է գյուղատնտեսությամբ զբաղվել: Այս մասին NEWS.am-ին ասաց պատգամավորը:

Անդրադառնալով կրած պարտությանը՝ Լյովա Խաչատրյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Ամեն ինչ կյանքում հնարավոր է, ոչինչ բացառել չի կարելի»:

Նշենք, որ Լյովա Խաչատրյանն Արագածոտնում պարտվել է Խաչիկ Մանուկյանին, («Մաքս գրուպի»–ի Խաչիկ), որը ստացել է 5.686 քվե: Ի դեպ, Լյովա Խաչատրյանը 5.325 ձայն էր ստացել: Խաչատրյանը դաշինքի համամասնական ցուցակի 34-րդ հորիզոնականում էր:

Հնարավո՞ր է՝ համամասնական ցուցակով խորհրդարան մտնեք, հետաքրքրվեցինք Լյովա Խաչատրյանից. «Նման հարցերը լուծում է Ծառուկյանը, ես տեղյակ չեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ. Հանրապետական կուսակցություն- 49,12 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32 տոկոս, «Ելք» դաշինք՝ 7,77 տոկոս, ՀՅԴ՝ 6,57 տոկոս: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան դաշինքը՝ 31 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը («Ազատ դեմոկրատներ, «Հայկական վերածնունդ», ՕՐՕ դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք եւ Կոմկուս) չեն հաղթահարել նվազագույն շեմը:

ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը: