Գեղարքունիքի մարզում Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով առաջադրված եւ պարտված գործարար Տիգրան Արզաքանցյանը չի հերքում, որ իրենց մարզում վարչական ռեսուրս է օգտագործվել, ընտրակաշառք է բաժանվել:

«Ոչ մեկի ձեռքին չեմ բռնել, բայց մարդիկ էլ քյոռ չեն, ոչ էլ խուլ են, ես իմ աշխատանքով եմ զբաղվել, էսօր էլ կարեւորն արդյունքն է, ով էլ հաղթել ա, հալալ լինի իրան: Ես ըտենց ռեսուրս չեմ օգտագործել, ինչպես մյուսները»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Արզաքանցյանը:

Այնուամենայնիվ, գործարարը կարծում է, որ իր ծննդավայրում՝ Գավառում, ինքը չի պարտվել, ավելին ստացել է բոլոր կուսակցությունների թեկնածուներից շատ ձայն: Ինչ վերաբերում է մարզի մյուս տարածաշրջաններին, Արզաքանցյանի համար նորմալ է, որ այնտեղ բավարար քանակի ձայներ չի հավաքել. «Մարտունիի, Վարդենիսի, Սեւանի տարածաշրջաններում պարզ է, որ ես չէի կարող այդքան ձայն հավաքել, բայց Վարդենիսում, օրինակ, որոշակի ձայն տարել եմ»:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրական տարածքում կուսակցությունների եւ դաշինքների տարածքային ցուցակներով առաջադրվածներից ամենաշատ ձայները հավաքած եռյակում Հանրապետական կուսակցության թեկնածուներն են:

Նախնական տվյալներով՝ ՀՀԿ տարածքային թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքել է նախկին ՕԵԿ–ական Կարեն Բոթոյանը՝ 14.932։ Նրան հաջորդում են նույնպես ՀՀԿ-ական, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ 14.430 ձայն եւ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ)՝ 13.248 ձայն:

Հաջորդը «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Հրանտ Մադաթյանն է՝ 11.971 ձայնով:

Ուշագրավ է, որ ՀՀԿ–ական գործարար Տիգրան Արզաքանցյանը ստացել է ընդամենը 3.912 ձայն։