2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված երկու քրեական գործերն ընդունվել են Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործերից մեկը հարուցվել է «Araratnews.am» լրատվական կայքի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով: Այսպես, 02.04.17թ.-ին` Երեւանում, ընտրությունները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցի` «Araratnews.am» լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանը փորձել է  նկարահանումներ կատարել Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում, սակայն դրա մոտակայքում հավաքված մի խումբ բնակիչներ խոչընդոտել են նկարահանող խմբի աշխատանքն ու թույլ չեն տվել նկարահանումներ իրականացնել, վիրավորել եւ բռնության գործադրմամբ ստիպել են հեռանալ շտաբի մուտքի մոտից` լրագրողի ձեռքից խլելով նկարահանող սարքը:

Վարույթ ընդունված մյուս քրեական գործի նյութերի համաձայն` քվեարկության օրը խոչընդոտել են նաեւ ԱԺ ընտրությունները լուսաբանող մեկ այլ լրատվամիջոցի` «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը: Վերջինս փորձել է նկարահանումներ կատարել նույն Ռուսթավելի 15 հասցեում գտնվող նախընտրական շտաբում, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել են նրա աշխատանքը. հարձակվել են լրագրողի վրա, որի հետեւանքով վերջինս թեթեւ վնասվածք  է ստացել:

Այսպիսով, «Araratnews.am» լրատվական կայքի եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական  ծառայությունում: