Խորհրդարանական ընտրություններին տարածքային ցուցակներով առաջադրված Հակոբ Հակոբյանները նոր խորհրդարանում չեն լինի:

Գեղարքունիքի մարզում Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով առաջադրված Հակոբ Հակոբյանը՝ «Թունելի Հակոբը», չի ցանկանում մեկնաբանել, թե ինչու ընտրողներն իրեն այդքան քիչ ձայն տվեցին:

«Ընտրողները լավ գիտեն, իրենց հարցրեք»,- նշեց նա:

Գեղարքունիքից, նախնական տվյալով, խորհրդարան կանցնեն նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Կարեն Բոթոյանն ու մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Վերջինս ի դեպ դեռեւս չգիտի՝ Ազգային ժողով կգնա, թե ոչ. կուսակցությունը պետք է որոշի: Եթե Գրիգորյանը խորհրդարան չգնա, նրա փոխարեն կանցնի հենց Հակոբ Հակոբյանը:

Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով Տավուշի մարզում առաջադրված եւ խորհրդարան չանցած մյուս Հակոբ Հակոբյանը՝ «Կիլիկիայի Հակոբը», նույնպես չի ցանկանում խոսել հավաքած ձայների մասին, այնուամենայնիվ, նշում է, որ իր կարծիքով, ինքը պարտություն չի կրել. «Ֆուտբոլ չէ, որ պարտվենք: Մեր մարզում պետք է յոթով կուսակցության համար շատ ձայն հավաքեինք, սակայն ձայները քիչ են եղել, հետեւաբար մեր մարզից մեկն է անցել միայն: Թե ինչու եմ այդքան ձայն հավաքել, ընտրողներին հարցրեք»:

Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրական տարածքում, նախնական տվյալներով, ՀՀԿ տարածքային թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքել է «Գրանդ Տոբակո» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը՝ 17.113 ձայն։ Նրա կուսակից Հակոբ Հակոբյանը  («Կիլիկիայի Հակոբ») երկրորդն է՝ 8.090 ձայն։

Եթե ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանները չեն ուզում մեկնաբանել իրենց պարտությունը, «Ծառուկյան» դաշինքով Արմավիրի մարզում առաջադրված երրորդ Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտը», շատ լավ գիտի՝ ինչու Արայիկ Աղաբաբյանն իրենից շատ ձայն է ստացել:

«Արայիկ Աղաբաբյանը պատգամավոր է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, կուսակցությունը նրան աջակցել է ամեն ինչով, իսկ ինձ ընդհանրապես չեն աջակցել, ես նույնիսկ վստահված անձինք չեմ ունեցել»,- ասաց «Ճոյտը»:

Նշենք, որ խորհրդարանում չի լինի նաեւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված 4-րդ Հակոբ Հակոբյանը՝ «Լեդի Հակոբը»: «Կոնգրես- ՀԺԿ»-ն, ինչպես հայտնի է, չի հաղթահարել անցողիկ 7 տոկոս շեմը: