Ոստիկանը, ով ամերիկյան United Airlines ավիաընկերության ուղեւորին բռնությամբ դուրս էր հրավիրել ինքնաթիռից, հեռացվել է աշխատանքից, հաղորդում է New York Times-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Չիկագոյից Լուիսվիլ թռչող օդանավում: Տղամարդը եղել է չորս ուղեւորներից մեկը, որը պետք է լքեր օդանավը՝ օվերբուքինգի (երբ տեղերի քանակից ավելի շատ տոմս է վաճառվել) հետ կապված: Մինչեւ թռիչքն ավիաընկերությունը պարզաբանել է իրավիճակը եւ առաջարկել այլ չվերթով թռչել: Որպես փոխհատուցում՝ առաջարկվել է 400 դոլար՝ հյուրանոցում գիշերելու համար: Երկու ուղեւոր կամավոր լքել է օդանավը, իսկ մեկը հրաժարվել է, ինչի հետ կապված ոստիկան է հրավիրվել:

Ցանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են ուղեւորին ուժով հանում իր տեղից: Տղամարդու ակնոցն ընկնում է, սվիտերը՝ պատռվում: Տեսանյութում լսվում է, թե ինչպես է ուղեւորուհիներից մեկը բղավում. «Աստված իմ, տեսեք թե ինչ են անում, դա սարսափելի է»:

United Airlines-ի ներկայացուցիչն ասել է, որ ուղեւորին մի քանի անգամ քաղաքավարի խնդրել են լքել օդանավը: «Մենք ստիպված էինք ոստիկանություն հրավիրել»,- ասել է նա:

Ուղեւորներից Թայլեր Բրիջեսը պատմել  է, որ տղամարդը չի ցանկացել լքել օդանավը՝ ասելով, որ ինքը բժիշկ է եւ առավոտյան պետք է տեսնի հիվանդներին: Տեսանյութում, որը տեղադրել է Բրիջեսը, երեւում է, թե ինչպես է տղամարդը գոռում. «Ինձ հարկավոր է տուն գնալ»:

Ավիացիայի Չիկագոյի դեպարտամենտը հայտարարել է, որ միջադեպը «չի համապատասխանում աշխատանքի ստանդարտներին», իսկ բռնություն գործադրած ոստիկանը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից: