ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրակաշառքը որոշիչ դարձավ ոչ միայն մարզերում, այլեւ Երեւանում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, «Նախընտրական զարգացումներ Երևանի ավագանու՝ գալիք ընտրությունների շուրջ» թեմայով քննարկման ժամանակ նշել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Օրինակ, եթե վերցնենք Երեւանում 1000 ընտրող ունեցող տեղամասը, ապա այդ հազար ընտրողներից մոտ 800-ը գումար է վերցնում, որի 600-ը քվեարկում է այնպես, ինչպես փող տվողն է պահանջել: Ստացվում է, որ Երեւանում ընտրություններին մասնակցածներից 75-80 տոկոսը քվեարկում է գումարով»,-ընդգծեց նա:

Քաղտեխնոլոգի կարծիքով, այս պայմաններում լրիվ անիմաստ է դառնում գնալ ու մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, առավել եւս, որ ՀՀԿ-ն մասնակից ուժերին տեղեր տալու է. «Պարզապես այլեւս հնարավոր չէ ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորել: Ստացվում է, որ պետք է մասնակցես մի միջոցառման եւ, փաստորեն, ստանաս այն, ինչ առանց քարոզրաշավի էլ ստանալու ես: ՀՀԿ-ն նրանց կտա այնքան, ինչքան ինքը կորոշի: Երեւանի ավագանու 65 տեղից ՀՀԿ-ն կվերցնի մոտ 45-ը, իսկ 20-ը կբաժանի «Ելք» դաշինիք եւ «Երկիր Ծիրանի» կուսակցության միջեւ»:

Արմեն Բադալյանը նաեւ կանխատեսեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում ընտրակաշառքը նվազելու է, դառնալու է 5 հազար դրամ: Նա նշեց, որ իշխանություններին պետք է, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեն նաեւ այլ ուժեր, որպեսզի ցույց տա, որ մրցակցային ընտրություններ են տեղի ունենում: