Թեթեւ արդյունաբերության ոլորտը զարգանալու մեծ ներուժ ունի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, թեթեւ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարն իր խոսքում նշել է, որ թեթեւ արդյունաբերության ոլորտը զարգանալու մեծ ներուժ ունի եւ խիստ կարեւոր է զբաղվածության ապահովման տեսանկյունից։ Հանդիպմանը ներկա տնտեսվարողներից յուրաքանչյուրը նախարարին է ներկայացրել առաջիկա ծրագրերը եւ ընդլայնման հնարավորությունները։

Նախարար Սուրեն Կարայանն առաջարկել է ոլորտի ներկայացուցիչներին նախարարությանը ներկայացնել իրենց ներդրումային ծրագիրը՝ քննարկելու պետության հնարավոր աջակցության ձեւաչափը եւ համապատասխան լուծումները։

Տեքստիլ ընկերությունների ներկայացուցիչները նախարարի հետ քննարկել են ոլորտի խնդիրները` մասնագետների ուսուցում եւ վերապատրաստում,հումքի ներկրման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ ոլորտին առչնվող այլ խնդիրներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների միջոցով գտնել խնդիրների լուծման տարբերակներ։