«Ելք» դաշինքը շատ հաղթական շանսեր ունի Երեւանի ավագանու ընտրություններում։  Այս մասին այսօր՝ ապրիլի 12–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի Երեւանի ավագանու ցուցակի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը։

«Մասնակցելու եմ ընտրություններին այն սեւեռուն գաղափարով, որ «Ելք» դաշինքը հաղթական շանսեր ունի Երեւանի ավագանու ընտրություններում։ Թիմը երիտասարդ է, բանիմաց, աշխատող եւ ուղղակի հաճույք է նրանց հետ աշխատելը։ Մշակվում է մի ծրագիր, որը առաջարկում է Երեւանի խնդիրների լուծման հնարավոր ճանապարհները։ Միակ մտահոգությունս այն է, որ երիտասարդները դեռ տնտեսություն կառավարելու փորձ չունեն, բայց իրենք տեսականորեն տիրապետում են շատ խնդիրների, հուսամ՝ ընթացքում իրենց ձգտումը հմտություն կդառնա»,–ասել է Անահիտ Բախշյանը։

Բախշյանը նշել է, որ Երեւանի ավագանու դերը  հասարակությունը  պիտի հասկանա, քաղաքապետի աշխատանքը վերահսկելու գործառույթը յուրաքանչյուր քաղաքացի պիտի կարեւորի եւ ուզենա մասնակցել քաղաքացուն վերաբերող յուրաքանչյուր որոշմանը։

«Ի դեմս «Ելքի» նոր ավագանին արմատապես տարբերվելու է իր գործունեությամբ եւ օրենքով սահմանված կարգով քաղքացիների կամքը  հաշվի է առնվելու, ինչը լինելու է «Ելքի» շնորհիվ։

Անահիտ Բախշյանը անդրադարձել է նաեւ այն հարցին, թե ինչու է ընտրել «Ելքը» եւ ոչ իր նախկին կուսակից Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը։

«Զարուհու այն քայլերը, որոնք տանում էին կուսակցության ստեղծմանը, ես մասնակից չեմ եղել, անհաղորդ եմ եղել։  Զարուհին ասել է, որ ես էդքան բծախնդիր չեմ, ասում է՝ ինքը բծախնդիր է, իսկ ես՝ ոչ: Այդ իմ ոչ բծախնդրությունը ինձ թույլ չտվեց գնալ այդ կուսակցություն»։

Նշենք, որ մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: