Անօրինական դաշտում, առանց լիցենզավորման աշխատող տաքսիները ոչ մրցակցային դաշտ են ստեղծում, որի պատճառով վնաս են կրում օրինական դաշտում գործող տաքսիստները: Այս մասին այսօր` ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների միության նախագահ Վահագն Սահակյանը:

Նրա խոսքով` տաքսիստների մի մասը հարկ են վճարում, գործում են օրինական դաշտում, լիցենզավորման գումար են վճարում, իսկ մի մասը բարցիթողի վիճակում տաքսի են վարում` «առանց մի կոպեկ վճարելու»:

«Այս իրավիճակից օգտվում են ոչ միայն մեր օրինախախտ տաքսու վարորդները, այլ նաեւ օտարերկրյա տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները` ի դեմս Yandex տաքսի ծառայության, որը հերքում է, թե տաքսի ծառայություն է մատուցում: Նրանք ասում են, որ իրենք ընդամենը ինտերնետ պրովայդեր են, ոչ թե տաքսի ծառայություն: Yandex-ը արդեն 4-5 հազար վարորդ ունի, որի փոքր մասն է լիցենզավորված, այն էլ մեծ խախտումներով»,-ասաց նա:

Վահագն Սահակյանը նշեց, որ իր բողոքը կոնկրետ մի կազմակերպությունից չէ, սակայն  ամենամեծ մեղավորը հենց Yandex-ն է. «Իմ բողոքը մենակ Yandex-ից չի, բայց Yandex-ը այս դաշտում ամենամեծն է: Նույն Mobi օնլայն տաքսին օրինական լիցենզիայով է աշխատում: Խոսքս մի ընկերության մասին է, որը չի ուզում այս պետությանը հարկ վճարի ու օգնում է, որ մնացածն էլ նրա շղարշի տակ աշխատեն: Չգիտես ինչու այդ ստամբուլաբնակ հրեան իր Yandex տաքսիով գրավել է դաշտը»:

Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների միության նախագահի հավաստմամբ, նա քաղաքապետարանին բազում առաջարկներ է արել, որից մեկը բոլոր տաքսիների օնլայն ձեւով աշխատելու օրինակն էր, բոլորը նույն հարկերը կվճարեն ու այդպիսով դաշտը կդառնա մրցունակ.«Եթե այսօր Yandex-ը հարկ վճարի, ապա ինքը երբեք ձեզ 200 դրամով չի տեղափոխի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել էր տաքսի ծառայություն մատուցողներին եւ քննարկել նրանց խնդիրները: