Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանում տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է արդյունաբերության զարգացում: Նրա խոսքով, Հայաստանի արդյունաբերության արդի վիճակը թելադրում է պետություն-մասնավոր գործընկերություն հարաբերությունների զարգացում:
«Նախընտրական շրջանում գրեթե բոլոր քաղաքական ուժերը խոսում էին Հայաստանի տնտեսական զարգացման մասին` շեշտադրումը բերելով արտադրության զարգացման վրա: Սակայն, արդյունաբերության զարգացումը պետք է ընթանա պետություն-մասնավոր գործընկերության միջոցով, արդյունաբերական քաղաքականության վերաբերյալ այլ երկրների փորձը պետք է կիրառվի այստեղ: Ինդուստրիալիզացիայի քաղաքականություն պետք է վարի մեր կառավարությունը»,-ասաց նա:
Վազգեն Սաֆարյանի խոսքով, նոր խորհրդարանում այսօր այնպիսի քաղաքական ուժեր են, որոնք տնտեսական կառավարության կողմնորոշումներով են առաջնորդվում եւ այս առումով Հայաստանում արդյունաբերության զարգացման հետ կապված լուրջ փոփոխություններ չեն սպասվում:
«Իշխող կուսակցությունը 58 մանդատ ունի այսօր, «Ծառուկյան» դաշինքը եւս նույն կողմնորոշումն ունի եւ չեմ կարծում, որ առաջիկա տարիներին այս ոլորտում լուրջ փոփոխություններ կլինեն»,-ասաց նա:
Նրա խոսքով, Հայաստանում պետք է ստեղծվի Արտադրության եւ արտաքին առեւտրի նախարարություն, որը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը:



























