ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առանց լուրջ ծրագրի երբեք չէր մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԲՀԿ անդամ, Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Վարդեւան Գրիգորյանն՝ անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի՝ Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելու որոշմանը։
«Ժամանակը կարճ էր եւ առանց հիմնավոր լուրջ ծրագրերի ինքը երբեք հասարակությանը չի ներկայանա, եւ սա էր հիմնական պատճառը, որ «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցում Երեւանի ընտրություններին։ Հիմա Դուք գիտեք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու ծավալը, եւ էդ ծավալի մեջ պատրաստվելը անհնար էր»,–ասել է Վարդեւան Գրիգորյանը։
Անդրադառնալով այն լուրերին, որ Երեւանում Ծառուկյանը մտավախություն է ունեցել պարտվել «Ելք»–ին, դրա համար հրաժարվել է ընտրություններին մասնակցելուց, Գրիգորյանն ասաց. «Չեմ կարծում որ «Ելք»–ին պարտվելը կարող էր պատճառ լինել»:
Վարդեւան Գրիգորյանը պնդեց նաեւ, որ Ծառուկյանը չէր կարող հրաժարվել Երեւանի ընտրություններին մասնակցելուց Սերժ Սարգսյանի հետ ունեցած պայմանավորվածության դեպքում։
«Չեմ կարծում, որ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կարող էր նման պայամանավորվածություն լիներ, որ մի ամբողջ կուսակցության կամ դաշինքի շահը թերագնահատվեր ու պայմանավորվածության արդյունքում «Ծառուկյան» դաշինքը չմասնակցեր ընտրություններին»։



























