Երեւանի ավագանու ընտրություններին նույնպես ԿԸՀ-ն ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակում կիրականացնի, ինչպես ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այս մասին ապրիլի 12-ին լրագրողներին հայտնել է ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ-ի նիստից հետո։

Նրա խոսքով, ըստ Ընտրական օրենսգրքի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կարելի է անցկացնել առանց տեխնիկական նորամուծությունների մինչեւ 2017-ի աշուն։ Այդուհանդերձ, ԿԸՀ-ն որոշել է այդ տեխնիկան կիրառել նաեւ հիմա, ընտրական գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու համար։

«ՏԵսախցիկների կիրառումը լրացուցիչ միջոցներ կպահանջի, որոնք կարծում եմ կգտնվեն»,- ասել է Մուկուչյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները անցկացվելու են մայիսի 14-ին։ Նախըտրական քարոզչությունը անցնելու է ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 12-ը։

Ընտրությունների արդյունքներով Ավագանին կընտրի նաեւ Երեւանի քաղաքապետին։ Որպես քաղաքապետի թեկնածու՝ քաղաքական ուժերը ներկայացնելու են իրենց համամասնական ցուցակի 1-ին համարներին։