«Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում այսօր` ապրիլի 12-ին, տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչ Յուրի Մեչիտովի «Վրաստան-կրկնակի Էջեր» ցուցահանդեսի բացումը: Յուրի Մեչիտովը մի քանի ֆոտոգրքերի հեղինակ է, որոնցից մեկն է Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆոտոգիրքը: Հեղինակը մինչ օրս ունեցել է շուրջ 100 ցուցահանդեսներ Վրաստանում եւ արտերկրում, իսկ այսօր արդեն հայ արվեստասերների դատին ներկայացրեց վերջին 40 տարիների ընթացքում Վրաստանում արված սեւ ու սպիտակ լուսանկարները: Ցուցահանդեսին ներկա էին «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության վարչության անդամները, արվեստագետներ եւ արվեստասերներ: Բացման խոսքով հանդես եկավ կազմակերպության նախագահ Հովհաննես Մանուկյանը, ում խոսքով նմանատիպ միջոցառումներ կազմակերպելը նպատակ ունի ստեղծել կամուրջներ եւ խորացնել հարաբերությունները երկու պետությունների հասարակությունների, համապատասխան օղակների, ստեղծագործողների միջեւ:
«Այն կամուրջները, որոնք կարելի է ստեղծել մշակութային ոլորտում կարող են լինել ամուր հենարան եւ նպաստող հանգամանք, որպեսզի էլ ավելի զարգանան մեր բարիդրացիական հարաբերությունները»,-ասաց նա:
Կազմակերպության վարչության անդամ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ նշեց, որ նմանատիպ միջացառումների դերը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում անգնահատելի են. «Յուրի Մեչիտովը, լինելով Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը եւ մեծ բարեկամը, իր ստեղծագործական կյանքում չէր կարող զերծ մնալ փարաջանովական շնչից»:
Ցուցահանդեսին ներկա էր նաեւ Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ով նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով: Ինքը՝ հեղինակը, շնորհակալություն հայտնեց ներկաներին, խոսեց հայերի ու Հայաստանի հանդեպ ունեցած սիրո եւ Հայաստանում իր ցուցահանդեսի կարեւորության մասին: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 17-ը:
.jpg)
.jpeg)
.jpeg)




























