Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը մտադիր է պահանջել պատժել «Սեւան» հոգեբուժարանի տնօրենին։
Ներկայացնելով մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու վերաբերյալ ազգային մեխանիզմի գործունեության ամենամյա զեկույցը՝ օմբուդսմենը նշել է, որ կալանավայրերի հետ մեկտեղ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում է մնում հոգեբուժարանների իրադրությունը։
««Սեւան» հոգեբուժարանում բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերվել։ Մենք այդ մասին հայտնել ենք Առողջապահության նախարարությանը։ Ընդհանրական պատասխան ստացանք, շատ հարցերի պատասխաններ չստացանք։ Նորից գրեցինք։ Պարզվել է, որ հոգեբուժարանի տնօրենը բոլոր կետերի տակ պարզապես գրել է, թե չի համապատասխանում իրականությանը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ օմբուդսմենը չի ստում եւ չի հնարում։ Ես շատ բան կարող եմ հրապարակայնորեն չասել, որպեսզի չվնասեմ։ Բայց մենք ունենք լուսանկարներ ու տվյալներ, մենք դրանք Առողջապահության նախարարությանը կներկայացնենք եւ կպահանջենք հոգեբուժարանի տնօրենին պատժել։ Երբ ես որեւէ բան հրապարակայնորեն հայտարարում եմ, դա լիովին համապատասխանում է իրականությանը», - ընդգծել է Արման Թաթոյանը։




























