Հայաստանը կուսանի խաղողագործության եւ գինեգործության արգենտինական փորձը: Այս մասին նշվել է ապրիլի 12-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի եւ ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հանդիպման ժամանակ:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության բնագավառում հայ-արգենտինական համագործակցության ընդլայնման առավել հեռանկարային ուղիները:
Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան վերահաստատել է արգենտինական կողմի պատրաստակամությունը խորացնել ագրարային ոլորտում երկկողմ փոխգործակցությունը: Այս համատեքստում կողմերն անդրադարձ են կատարել հունիսին նախատեսվող արգենտինացի փորձագետների այցին, որոնք ժամանելու են հայկական կողմի առաջարկով օժանդակելու խորհրդատվական համակարգի բարեփոխումներին: Հաշվի առնելով արգետինական հարուստ փորձը խաղողագործության եւ գինեգործության ոլորտում` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կարեւորել է նաեւ սերտ համագործակցության զարգացումը Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ` գինեգործական արտադրության առավել արդյունավետ կազմակերպման եւ ոլորտի զարգացումն ապահովելու նպատակով:
Տեղեկացնելով, որ Հայաստանում ընթացքի մեջ է գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման լիզինգի ծրագիրը, որը բաց է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների համար` նախարար Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ այն կարող է հետաքրքրություն ներկայացնել նաեւ Արգենտինայի գյուղտեխնիկայի մատակարարների համար:
Իգնատի Առաքելյանը արգենտինական կողմին ներկայացրել է հակակարկտային ցանցերի տեղադրման նպատակով նախատեսվող պետական օժանդակության ծրագրերը` պատրաստակամություն հայտնելով հետաքրքրության պարագայում քննարկել արգենտիկական ընկերությունների հետ համատեղ Հայաստանում հակակարկտային ծրագրի իրականացման հարցը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ այլ ծրագրերի իրականացման հնարավորությունը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:



























