ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելեց Սուրբ Հարության տոնի առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության եւ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ
«Երեւան Մոլ» առեւտրի եւ զվարճանքի համալիրում այսօր՝ ապրիլի 13-ին, բացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ:
Սփյուռքի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է այնտեղ, շրջել տաղավարներով, ծանոթացել սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատել նրանց սպասարկման մշակույթն ու մատուցման ոճը եւ հիացմունք հայտնել հատկապես ձեռագործ աշխատանքների վերաբերյալ:
Այնուհետեւ Սփյուռքի նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա մասնավորապես նշել է. «Անցնող հինգ տարիների ընթացքում երկրի ղեկավարության, կառավարության ծրագրերը ուղղված են նրան, որ սիրիահայերը հաստատվեն, մնան ու արարեն իրենց Հայրենիքում՝ Հայաստանում, ինտեգրվեն հասարակությանը: Այս ցուցահանդես-տոնավաճառները դրա ապացույցն են եւ նպատաուղղված են նաեւ սիրիահայերի ինտեգրմանը: Հիսունից ավելի անհատ ձեռներեցներ կամ մանր բիզնեսի ներկայացուցիչներ այս պահին իրենց արտադրանքը ցուցադրում են, վաճառում, գտնում գործընկերներ, ընդլայնում բիզնեսը: Մենք, համագործակցելով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ, փորձում ենք արագացնել սիրիահայերի տնտեսական ինտեգրումը: Իսկ ահա կրթական եւ սոցիալական հիմնխնդիրները ամբողջությամբ լուծված են: Չկա մի ոլորտ, որտեղ սիրիահայերի համար դռները բաց չեն, եւ չեն գտնվում ուղիներ նրանց օգնելու համար»:




























